Չեխիայում առաջին անգամ արհեստական բանականությունը (ԱԲ) կիրառվել է մաթեմատիկայի քննությունների արդյունքները ստուգելու համար։ Սխալների մակարդակը համեմատելի էր մարդու արած սխալների հետ: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Չեխիայի ռադիոյին։
«Այս տարի առաջին անգամ մենք օգտագործեցինք արհեստական ինտելեկտը որոշ առաջադրանքներ փորձարկելու համար: Ավելի կոնկրետ` օգտագործեցինք այն պարզ մաթեմատիկական առաջադրանքներ ստուգելու համար, որտեղ ԱԲ-ի սխալի հավանականությունը նվազագույն է», — ասել է քննության ղեկավար Միրոսլավ Կրեյչին:
Կազմակերպությունը ստուգել է մոտ 100,000 առաջադրանք՝ օգտագործելով արհեստական բանականությունը: Ուսումնասիրության առարկան իններորդ դասարանի մաթեմատիկայի քննական առաջադրանքներն էին։
Քննությունները ստուգող ուսուցիչներին արհեստական բանականությամբ փոխարինելու մասին հարցին Կրեյչին պատասխանել է, որ, իր կարծիքով, ուսուցիչների թիվը պետք չէ կրճատել, բայց ԱԲ-ի կիրառումը կօգնի շատ ավելի արագ ստուգել առաջադրանքները։