ԳլխավորԼուր

ԱԱ-2022. Մարոկկոն պայքարից դուրս թողեց Իսպանիային

Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի շրջանակներում Մարոկկոն մրցեց Իսպանիայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կատարի մայրաքաղաք Դոհայի «Education» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին Իսպանիան մի շարք հնարավորություններ ուներ առաջ անցնել հաշվի մեջ: Վիճակագրությունն էլ վկայում էր «կարմիր ֆուրիայի» առավելության մասին: Մարոկկոն հիմնականում գործում էր պաշտպանությունից:

Առաջին 45 րոպեներին այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսում էլ գրեթե կրկնվեց առաջինի ընթացքը: Իսպանացիները չէին իրացնում իրենց հնարավորությունները, Մարոկկոն հստակ էր գործում պաշտպանությունում: Ի վերջո, հիմնական ժամանակն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Ունենալով գնդակին տիրելու առավելություն՝ Իսպանիան չէր հասնում նպատակին:

Քառորդ եզրափակիչի ուղեգիրը խաղարկվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ առավել դիպուկ էին Մարոկկոյի ներկայացուցիչները՝ 3:0:

Քառորդ եզրափակիչում Մարոկկոն կմրցի Պորտուգալիա-Շվեյցարիա զույգի հաղթողի հետ: