ԳլխավորԼուրԿրթություն

Քոլեջների ուսանողներն արտադրամաս-լսարաններում գինի են պատրաստում

Դուալ համակարգի ներդրման արդյունքում ՀՀ նախնական և միջին մասնագիտական մի շարք ուսումնական հաստատություններում «Գինեգործություն» մասնագիտության շրջանակում ուսանողներն արտադրամաս-լսարաններում պատրաստում են գինի: Դուալ համակարգի ներդրումը ենթադրում է ուսումնական գործընթացին զուգահեռ աշխատանքի վրա հիմնված ուսուցում գործատուի մոտ. այդ ընթացքում ուսանողը քոլեջում ձեռք բերած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն է ունենում: Հայաստանում պիլոտավորվող այս համակարգը նպաստում է շրջանավարտների մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացմանը՝ ապահովելով նրանց մրցունակությունն աշխատաշուկայում, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

ԿԳՄՍՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանն ասում է, որ «Եվրոպական կրթական հիմնադրամի» հետ մշակվել է «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ՆՄՄԿՈՒ հաստատություններին կից առևտրային կազմակերպության ստեղծման և գործունեության իրականացան գնահատման հայեցակարգ», որի շրջանակում իրականացվելու է փորձնական ծրագիր:

«Քանի որ պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք չունեն իրականացնել որոշակի ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իսկ դրա հնարավորությունները բազմաթիվ ուսումնական հաստատություններ ունեն, հայեցակարգի շրջանակում առաջարկելու ենք իրականացնել փորձնական ծրագիր և փոխել մի քանի ՊՈԱԿ-ների իրավական կարգավիճակը՝ դրանք դարձնելով հիմնադրամ, որպեսզի վերջիններս ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու լայն հնարավորություն ունենան: Դա վերաբերում է քոլեջի և ուսումնարանի ուսանողների աշխատանքների վաճառքին, որոշակի ծառայությունների մատուցմանը և դրանից ստացված եկամուտն արտաբյուջե մտցնելուն ու կանոնադրային նպատակների համար օգտագործելուն»,- նշում է Արտակ Աղբալյանը՝ տեղեկացնելով, որ հայեցակարգի հաստատման հարցն առաջիկայում կմտնի ՄԿՈՒ Զարգացման ազգային խորհրդի նիստի օրակարգ և հավանության արժանանալուց հետո այդ ծրագիրն իրականացնելու հնարավորություն կլինի:

2007-2008 թթ. Վայոց Ձորի տարածաշրջանային քոլեջում ներդրվել է «Գինեգործություն» մասնագիտությունը, որի արդյունքում արդեն այսօր հենց քոլեջի արտադրամաս-լսարանում ուսանողները պատրաստում են գինի: Արտադրամասը քոլեջին տրամադրել է «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամը: Ուսումնական հաստատությունում Գերմանական միջազգային համագործակցության միության (GIZ) աջակցությամբ ներդրվել է դուալ համակարգը, որն ուսումը և պրակտիկան համատեղելու հնարավորություն է տալիս՝ այդպիսով կրթական գործընթացը դարձնելով առավել հետաքրքիր ու արդյունավետ:

«Մեր ուսանողներն այսօր աշխատում են «Գետափ» գինու գործարանում և «Տրինիտի» ընկերությունում: Քոլեջի կարիերայի կենտրոնը, որն արդեն 10 տարի գործում է, փաստում է, որ մեր շրջանավարտների 70 տոկոսն ընդունվում է աշխատանքի, որից 25-35 տոկոսը՝ իրենց մասնագիտությամբ: Նրանց մի մասն աշխատանքի է անցնում հենց մարզի գինու գործարաններում»,- ասում է քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանը:

Քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Կարենը պատմում է, որ դուալ համակարգն ուսանողին խաղողի բերքահավաքի և գինու արտադրության ողջ գործընթացին մասնակցելու հնարավորություն է ընձեռել. «Քանի որ դուալի շնորհիվ ուսման 70 տոկոսն անցնում ենք գործատուի մոտ, մեր գիտելիքներն առավելագույնս օգտագործում ենք հենց պրակտիկայում: 2018 թվականին բերքահավաքն ամբողջությամբ արել ենք մեր ձեռքերով՝ օգտագործելով խաղողի արենի տեսակը՝ հայկական էնդեմիկ սորտը, և ստացել կարմիր դառը գինի: Այն պահել ենք չժանգոտող տարաներում և փայտե տակառում հնեցրել մոտ մեկ տարի: Այսինքն՝ մենք մասնակցել ենք գինու արտադրության ողջ գործընթացին՝ խմորման, հնեցման և շշալցման, ընդհուպ մինչև համտեսի լիարժեք պատրաստ լինելը»:

Արարատի պետական քոլեջում ևս «Գինեգործություն» մասնագիտությունը պահանջված է և արդիական, այդ թվում` պայմանավորված տարածաշրջանում գինու գործարանների առկայությամբ: Ուսանողները սկզբում արտադրել են սպիտակ գինի՝ «Անուշա», որի անվանումը կապված է «Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի հետ, որը քոլեջին նվիրաբերել է գինու արտադրամասը:

Քոլեջի գինեգործության լաբորատորիայում իրականացվել է կարճաժամկետ՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցում: 4-րդ կուրսի ուսանող Հասմիկը պատմում է, որ վարպետ Տիգրան Գևորգյանի հետ արտադրել են նաև կարմիր գինի՝ դառը, քաղցր և կիսաքաղցր: Այն Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Վորլդ Վիժն Հայաստան» և «Գլոբալ զարգացումներ հիմնադրամի» նվիրաբերած լաբորատորիայում արտադրվել և շշալցվել է Արարատյան հարթավայրի լավագույն այգիներից ընտրված «Հաղթանակ» խաղողի սորտից։

Comment here