Փաստաբանների պալատը մարտի 16-ին հյուրընկալել է Երևանի «Գլաձոր» համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին, հայտնում են Փաստաբանների պալատից:
Նրանց հետ զրուցել են Փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Լուսինե Սարգսյանը և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը:
Ուսանողներին ներկայացվել են Փաստաբանների պալատի կառուցվածքը և դերը, փաստաբանական գործունեության առանձնահատկությունները:
Լուսինե Սարգսյանը և Գևորգ Մկրտչյանը պատասխանել են ուսանողներին հուզող հարցերին, որոնք առավելապես վերաբերվում էին փաստաբանի վարքագծին, փաստաբանի աշխատանքին ու արդար դատաքննության իրականացմանը:
Այնուհետև ուսանողները շրջայց են կատարել Փաստաբանների պալատի վարչական շենքում, եղել են Փաստաբանական ակադեմիայում և Հանրային պաշտպանի գրասենյակում:
Անմիջականորեն ծանոթանալով աշխատանքային պայմաններին՝ ուսանողներն իրազեկվել են նաև Փաստաբանական ակադեմիայի ընդունելության կարգի և կրթական մեթոդների մասին, ինչպես նաև ՝ հանրային պաշտպանների գործառույթների, դատական գործերում նրանց կողմից ներկայացուցչություն կամ պաշտպանություն իրականացնելու պայմանների մասին:
Հանդիպման ավարտին ուսանողները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բովանդակային զրուցների համար: