Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

«Ծնվում ենք խուլ, մեռնում՝ կարոտով…». հանդիպում-համերգ՝ ԵՊԿ-ում

Հանդիպում-համերգ ԵՊԿ-ում

«Ծնվում ենք խուլ, մեռնում՝ կարոտով…». 44-օրյա պատերազմին հերոսացած Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղից Տիգրան Հարությունյանի վերջին բանաստեղծության մի տողը մեր իրականության արձագանքին է նման․․․

«Ամեն օր մեր սրտերում եք…» խոսքերով ու մեր տղաների անունները հնչեցնելով՝ մարտի 15-ին սկսվեց 44-օրյա պատերազմին անմահացած կոնսերվատորիականների ընտանիքների հետ հանդիպում-համերգը: Նախագծի պատասխանատու ԵՊԿ դոցենտ, արվ. թեկնածու Նարինե Ավետիսյանը ներկայացրեց հանդիպմանը ներկա Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարանի սաներին ու մանկավարժական կազմի ներկայացուցիչներին:

«Մեր վերքը արյունածոր է, թարմ է: Մեր ֆանտաստիկ տղաների կյանքը դեռ պետք է շարունակվեր, կայանար, նոր սերունդներ պետք է ծնվեին, բայց եղավ ամենաահավորը: Պատերազմը մեզնից խլեց նրանց: Հրեշտակ հոգիներն ամեն օր ձեզ հետ են՝ ձեր ու մեր կողքին, որովհետև ապրելու այլ ձև չկա… չկա ուրիշի երեխա, նրանք մերն են: Այսօր բոլորս հարազատի պես ենք հավաքվել՝ մեկ անգամ ևս ձեզ շոյած լինելու,-նշեց ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն ու շարունակեց,- մեր կոնսերվատորիայի հրաշալի ուսանողները մասնակցություն կբերեն համերգին: Սա սփոփանք չէ, բայց տարվա մեջ պետք է գրկվենք… Իմ խոնարհումը ձեզ»:

Նարինե Ավետիսյանը ընդգծեց, որ տղաների մեծ մասը «Ազգային ավանդական երաժշտության կատարողական արվեստ» ու «Ակադեմիական երգեցողություն» ամբիոնների ուսանողներն էին:

Ելույթ ունեցան երեք ֆակուլտետների ներկայացուցիչներ: Համերգին հնչեցին Գյումրու մասնաճյուղի դոցենտ, քանոնահար Անահիտ Վալեսյանի հեղինակած «Կարոտ» և «Ճախրանք. նվիրված տղաներին» ստեղծագործությունները քանոնի և դաշնամուրի համար: Գյումրու մասնաճյուղից Տիգրան Հարությունյանը գրել էր «Սև արագիլ» խորագրով բանաստեղծությունների շարքը, որը նույն մասնաճյուղի կոմպոզիցիայի բաժնի շրջանավարտ Գրիգոր Խաչատրյանը, ով անմահացած Տիգրանի ընկերն է, վերածել է երգերի:

Հանդիպում-համերգ ԵՊԿ-ում

Պատերազմին մասնակից ուսանողները քիչ են խոսում այդ օրերի մասին: Նրանցից Հայկ Մելքոնյանի անկեղծ պատգամն էր իրականություն դարձնել ամեն մի տղայի երազանքը:

Համերգային ծրագրում ներառված էին Կ. Դեբյուսիի, Կոմիտաս-Սարաջյանի, Ա. Բաբաջանյանի ստեղծագործությունները, Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» երգը, որը սրտներումս մնացել է Գոռ Թումանյանի ու Գագիկ Խաչատուրյանի ձայներով:

Հանդիպման ավարտը Արման Ամալյանի հեղինակած ու իր կատարմամբ «Անվերնագիր»-ն էր, նվիրված իր հերոսացած եղբորը: