ԳլխավորԼուր

«Evolution»-ը բուհերում. ինչպես են ուսանողներին խրախուսում դառնալ ազարտային խաղերի խաղավար. «Ինֆոքոմ»

Evolution-ի տաղավարը ԵԹԿՊԻ-ում

Նոյեմբերի 22-ին Երևանի պետական համալսարանը ուսանողների համար հանդիպում էր կազմակերպել Evolution ընկերության աշխատակիցների հետ։ Այդ հանդիպումը, սակայն, չանցավ սովորականի պես հարթ և հանգիստ պայմաններում, հայտնում է «Ինֆոքոմ»-ը։

Ըստ հանդիպման պաշտոնական հայտարարության՝ նպատակն էր ներկայացնել ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորությունները, սովորեցնել ուսանողներին CV կազմել և պատրաստվել աշխատանքի ընդունման հարցազրույցների։ Հանդիպման սկզբում, սակայն,  ուսանողներից մեկն իր վրդովմունքը հայտնեց, որ ազարտային խաղեր ստեղծող ընկերությունը բուհի ուսանողներին առաջարկում է առցանց խաղատան խաղավարի աշխատանք։ Ընկերության աշխատակիցները պատասխանեցին, որ Evolution-ը ՏՏ ընկերություն է, որը ստեղծում է այդ խաղերը և վաճառում օնլայն խաղատներին։

Մեկ այլ ուսանողի հարցին ի պատասխան՝ Evolution ընկերության աշխատակիցները ի թիվս  առաջարկվող այլ հաստիքների՝ ներկայացրին խաղավարի աշխատանքը՝ նշելով, որ ուսանողներին առաջնահերթ դիտարկելու են հենց խաղավարի հաստիքի համար։

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, ի պատասխան ուսանողների վրդովմունքի, ասաց, որ իրենց միակ նպատակն է  նպաստել ուսանողի՝ որպես մասնագետի կայացմանը աշխատաշուկայում։

Այստեղից հարց է առաջանում, թե արդյո՞ք օնլայն խաղատան խաղավարի մասնագիտություն ձեռք բերելը ԵՊՀ-ն ուսանողի մասնագիտական կայացում է համարում։

ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը «Ինֆոքոմին» հայտնեց, որ երկար քննարկել են՝ համագործակցե՞լ ընկերության հետ, թե՞ ոչ։ Ըստ պրոռեկտորի՝ որոշել են համագործակցել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Evolution-ը համակարգչային ծրագիր (software) ստեղծող ընկերություն է, ոչ թե «բուն ազարտային խաղերի կազմակերպիչը, ջատագովը կամ գովազդողը»։ Ըստ Միքայել Հովհաննիսյանի՝ իրենք պայմանավորվածություն են ունեցել Evolution-ի հետ, որ միայն մասնագիտական հնարավորություններն են ներկայացնելու. «Խաղավարի աշխատանք ներկայացնելը ի սկզբանե պայմանավորվել ենք, որ պիտի բացառվի»։ Պրոռեկտորի խոսքով պայմանավորվածություն են ունեցել ընկերության հետ, որ այն ներկայանալու է ոչ թե որպես ազարտային խաղերի, այլ soft construction-ի ոլորտի ընկերություն։

ԵՊՀ-ն միակը չէ. Evolution-ը խաղավարներ է պատրաստում նաև այլ բուհերի ուսանողներից։

Հոկտեմբերի 30-ին առցանց խաղատների համար ՏՏ լուծումներ առաջարկող «Էվոլյուշն Ստուդիո Էլեմ» ՍՊԸ-ն տաղավար էր տեղադրել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ ուսանողներին առաջարկելով գրավիչ պայմաններով աշխատանք։ Ազարտային խաղեր ստեղծող կազմակերպությունն առաջարկում է ուսանողներին աշխատանք՝ ճկուն գրաֆիկով և մրցակցային աշխատավարձով։ Ուսանողները հրավիրվում են՝ վարելու առցանց խաղատների համար նախատեսված խաղերը։

Տաղավարի մոտ տեղադրված էր պաստառ՝ ընկերության տարբերանշանով, այցեքարտեր, բրենդավորված այլ իրեր։ Ընկերության ներկայացուցիչները ուսանողներին ծանոթացնում էին աշխատանքի նկարագրությանը, հետաքրքվածության դեպքում առաջարկում գրանցվել՝ լրացնելով անուն-ազգանուն, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե, ծննդյան օր, ամիս, տարեթիվ և ստորագրություն։ Ուսանողները նաև հնարավորություն ունեին պատասխանելու ընկերության մասին հարցերի՝ շահելով տարբեր նվերներ։

ԵԹԿՊԻ-ի Զարգացման գծով պրոռեկտոր Արմեն Հարությունյանին հարցրինք, թե որքանով է էթիկապես ընդունելի բուհի ներսում տեղադրել ազարտային խաղեր արտադրող ընկերության պաստառները։ Պրոռեկտորը նշեց, որ չի կարծում, որ բուհում տեղի ունեցածը կարող է դիտարկվել որպես ազարտային խաղերի գովազդ, քանի որ կազմակերպության ներկայացուցիչները ուսանողներին աշխատանքի առաջարկ են անում։

«Ես ճիշտն ասած գովազդի տեսնակյունից չեմ նայել, միգուցե եթե էդպես վերցնենք, դա բացթողում է։ Հայտնի բան է, որ ուսանողները աշխատում են, ունեն դրա անհրաժեշտությունը, կարիքը։ Ցավոք, բոլորը չի, որ աշխատում են մասնագիտությամբ։ Ավելին՝ մասնագիտական ոլորտը միշտ չէ, որ նրանց բերում է այն եկամուտը, որով կարող են վճարել ուսման վարձ, եկամուտ ապահովել և այլն։ Ո՞րն է խնդիրը, թե որ ոլորտից են կազմակերպության աշխատակիցները, եթե իրենք ուսանողներին ազատ գրաֆիկով աշխատավարձ են խոստանում և կարծես թե չեն խաբում»,- ասում է պրոռեկտորը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։