Կառավարության այսօրվա նիստից հետո ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր, գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել:
Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ»:
ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանն էլ գրել է.
«Ցավով տեղեկացնում եմ, որ նոյեմբերի 17-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած մեր աշխատակցի՝ Ահարոն Հակոբյանի կյանքը փրկել չի հաջողվել։
Նրա վիճակն այսօր կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է), բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ։
Մեր ցավակցություններն ենք հայտնում Ահարոն Հակոբյանի ընտանիքին ու հարազատներին»։