ԳլխավորԼուր

Սեպտեմբերից Կապան համայնքում պարսկերեն կդասավանդվի

Կապան

Սեպտեմբերից Կապանի համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունում կսկսվի պարսկերենի դասավանդումը։ Այդ մասին Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանն ասել է Սյունիքի մարզպետարանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ հանդիպմանը։

Հանդիպման հիմնական թեման Կապանում Իրանի բացվելիք հյուպատոսությունն էր ու այդ համատեքստում Սյունիքի և ԻԻՀ միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ աշխատանքը։

Դեսպանը հիշեցրեց Իրանի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության մասին եւ ասաց, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն․«Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»։

Անդրադարձ է եղել նաև մարզկենտրոնի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերություններ հիմնելու հնարավորությանը։

Այցի ավարտին իրանցի հյուրերը Կապանում ապագա հյուպատոսության շենքի համար տարածքներ են դիտարկել։