ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում ապրիլի 29-ին տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած հերոս Նարեկ Փարսադանյանի հիշատակին: Հուշ-ցերեկույթի ընթացքում հնչեցին Արտուշ Փարսադանյանի հեղինակած երաժշտական ստեղծագործությունները՝ նվիրված որդու հիշատակին։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Յուրի Հակոբյանը: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հուշ-ցերեկույթը նախաձեռնողներին՝ նա նշեց. «44-օրյա պատերազմին ԻԿՄ ֆակուլտետի 15 ուսանող իր կյանքը նվիրել է հայրենիքին: Նրանց հիշատակին նվիրված հանդիպումներն ունեն և՛ մարդկային, և՛ բարոյական, և՛ դաստիարակչական նշանակություն»:
Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, անդրադառնալով միջոցառման կազմակերպչական աշխատանքներին, նշեց. «Հուշ-ցերեկույթը կազմակերպվել է Նարեկ Փարսադանյանի հայրիկի և ընկերոջ առաջարկով: Միջոցառման բոլոր ներկաները Նարեկի ընկերներն են և մշակութային այն բոլոր կառույցների ներկայացուցիչները, որոնց հետ Նարեկը շփվել է»:
Հուշ-ցերեկույթի կազմակերպիչ, Նարեկ Փարսադանյանի ընկեր, ֆիզմաթ. գիտ. թեկն. Վահագն Բայրամյանը, խոսելով իր և ընկերոջ մասին, ընդգծեց. «Ես և Նարեկը ընդհանուր շատ գծեր ունենք: Քանի որ Նարեկից տարիքային ավելի մեծ էի, հաճախ էր ինձ մասնագիտական հարցեր ուղղում: Նարեկի մահից հետո ես և Արտուշ Փարսադանյանը շարունակում ենք պահել մեր կապը:
Երաժշտական կրթություն, ճիշտ է, չունեմ, այնուամենայնիվ ինձ միշտ զարմացնում է, թե ինչպես է որդու մահից հետո հայրը նման հզոր երաժշտություն ստեղծում»: