Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Մերձավանի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակին, հայտնում են մարզպետի աշխատակազմից։
Մայիսի 13-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որոշ ծնողներ և աշակերտներ պատմության ուսուցչուհուն մեղադրում էին, որ նա դաս չի անում, փոխարենը վիրավորում է բոլորին և գտնվում է ոչ ադեկվատ վիճակում։ Պատմության ուսուցչուհին իր հերթին պնդում էր, որ բոլորը ստում են և ունեն մեկ նպատակ, որպեսզի իրեն հեռացնեն դպրոցից։
Մարզպետը շրջել է դպրոցում, այցելել մի շարք դասասենյակներ, զրուցել դպրոցի ղեկավար կազմի, մանկավարժների և աշակերտների հետ, տեղում գնահատել նաև շենքային պայմանները։
Մանկավարժական անձնակազմի և դպրոցի տնօրենության հետ զրույցի ընթացքում քննարկել են վերջին օրերին հասարակական լայն արձագանք ստացած միջադեպը։
Մարզի ղեկավարը լսել է կողմերի պարզաբանումները, զրուցել պատմության ուսուցչուհու հետ, անդրադարձել բարձրացված հարցերին։
Մարզպետը կարևորել է դպրոցում առողջ մթնոլորտի պահպանումը և հորդորել բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն, հանդուրժողականություն ու կառուցողական մոտեցում՝ ուսումնական գործընթացը չխաթարելու և նմանատիպ իրավիճակները բացառելու նպատակով։
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն դատապարտել էր Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews