ԳլխավորԼուր

Մարզերում պետք է լինեն նոր ավտոբուսներ` երեխաներին դպրոց տանելու համար. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 224 մլն 100 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Վայոց ձորի և Տավուշի մարզերում 23 ուսումնական հաստատության՝ 9 կրթահամալիրի ստեղծման և 14 դպրոցի կառուցման, ինչպես նաև Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ սա հերթական որոշումն է՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով ամրագրված 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում: Նրա խոսքով՝ ՀՀ Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում աշխատանքային խմբերն իրականացրել են մանրամասն տեղազննություն: Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ դպրոցական և նախադպրոցական շենքերի առկայություն, սովորողների քանակ և այլն, ընտրվել են մի շարք բնակավայրեր, որտեղ կձևավորվեն կրթահամալիրներ: ՀՀ Վայոց Ձորի մարզում ընտրվել է 4 բնակավայր՝ Արտաբույնք, Քարագլուխ, Արփի, Մարտիրոս, իսկ Տավուշի մարզում՝ 5՝ Լուսաձոր, Պտղավան, Աղավնավանք, Նորաշեն, Ոսկևան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթահամալիրների ստեղծման ծրագիրը՝ ընդգծելով, որ այն բաղկացած է լինելու միջնակարգ դպրոցից և մանկապարտեզից, որոնցից կարող են օգտվել նաև հարակից բնակավայրերի երեխաները:

Մանրամասները՝ տեսանյութում։