ԳլխավորԼուր

Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը

Դպրոցական այգի, բանջարանոց

Ամփոփվել է «Հայաստանի լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթը, որն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սննդի և երեխաների բարեկեցության» հիմնարկի աջակցությամբ:

Դեռևս այս տարվա ապրիլ ամսին մեկնարկած մրցույթին ՀՀ մարզերից և մայրաքաղաք Երևանից մասնակցելու հայտ է ներկայացրել 82 դպրոց: Մրցույթի ողջ ընթացքում մասնակից դպրոցներին մշտապես տրամադրվել է խորհրդատվություն։

Ընտրություն կատարելու համար մշակված հատուկ չափանիշներում ներառված են չորս բաժիններ՝ կրթական բաղադրիչ, այգու որակ, ներգրավվածության մակարդակ, փաթեթի որակ։

Դպրոցական այգի, բանջարանոց

Ներկայացված 33 փաթեթները գնահատվել են՝ օգտագործելով ընտրության վերը նշված չափանիշները: Մրցութային հանձնաժողովի գնահատման հիման վրա հաղթող են ճանաչվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան N 3 հիմնական դպրոցը (334 միավոր), Վանաձորի Դանիել Վարուժանի անվան N 16 հիմնական դպրոցը (330 միավոր) և Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան N 2 հիմնական դպրոցը (327 միավոր)։

Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Երկրորդ տեղ զբաղեցրած դպրոցին կտրամադրվի չորանոց, իսկ երրորդ տեղ գրաված դպրոցին՝ սառցարան։

Բացի այդ՝ ավելացվել է երկու անվանակարգ այն դպրոցների համար, որոնք չեն հաղթել, սակայն ունեցել են նկատելի արդյունքներ: «Լավագույն ձևավորում» անվանակարգում հաղթել է Կոտայքի մարզի Բջնի համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ «Լավագույն բերք» անվանակարգը շնորհվել է Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցին։ Նշված երկու դպրոցները կստանան խրախուսական նվերներ։

Comment here