ԳլխավորԼուր

Բաց մրցույթ՝ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին միանալու համար

Արհեստական բանականություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ հայտարարում են բաց մրցույթ՝ ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ միանալու և փորձարկելու «ԱԲ սերունդ» դպրոցական երաշխավորված ծրագիրը։

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի նպատակներն են․

  • Ձևավորել խորացված մաթեմատիկայի և համակարգչային գիտության հիմքային գիտելիքներ և հմտություններ՝ անհրաժեշտ ԱԲ ոլորտի համար
  • Բացահայտել ԱԲ և ԳՏՃՄ ուղղությամբ գիտնականի և նորարարի հեռանկարները
  • Տրամադրել ԱԲ ոլորտի կիրառական գիտելիքներ և հմտություններ

Եռամյա կրթական ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար և հնարավորություն կընձեռի նրանց սովորել խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ, իրականացնել պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ հմտություններ ու մասնագիտական կողմնորոշում ԱԲ հետազոտողի ու նորարարի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։

2023-2024 թթ․ ուսումնական տարվանից ծրագիրը փորձարարական ձևաչափով կներդրվի Երևանի և ՀՀ մարզերի 10 ավագ դպրոցներում։

Ծրագրի փորձարկման համար կարող են դիմել Երևանի և ՀՀ մարզերի բոլոր այն դպրոցները, որոնք բավարարում են հետևյալ պահանջներին՝

  • ունեն ավագ դպրոցի բաղադրիչ,
  • ունեն կամ կարող են ձևավորել խորացված մաթեմատիկայի ուսուցմամբ աշակերտների խումբ,
  • որպես օտար լեզու դասավանդվում է անգլերենը,
  • համապատասխան ուսուցչական և վարչական կազմ կամ ներգրավման հնարավորություն,
  • ունեն անհրաժեշտ տարածքային ռեսուրսներ և տեխնիկական հագեցվածություն,
  • ծրագիրն իրականացնելու պատրաստակամություն և աջակցություն։

Ծրագրի մանրամասներին և դպրոցների ընտրության պահանջներին կարող եք ծանոթանալ՝ ուսումնասիրելով տեղեկատվական գրքույկը և մասնակցելով առցանց տեղեկատվական հանդիպումներին, որոնք տեղի կունենան հունիսի 19-ին, 22-ին և 26-ին ու կմեկնարկեն ժամը 15:00-ին:

Ծրագրին միանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը։ Դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի հունիսի 30-ը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել FAST հիմնադրամի կրթական ծրագրերի բաժին՝ գրելով նամակ education@fast.foundation էլ․փոստին կամ զանգահարելով (+374)43- 75 57 54 հեռախոսահամարով։