ԳլխավորԼուր

«Այբ»-ն առաջարկում է անվճար կրթություն՝ 10-րդ դասարանցիների համար

«Այբ» դպրոց

«Այբ» կրթական հիմնադրամն իր 15-ամյակի առթիվ մեկնարկում է «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը՝ անվճար կրթական հնարավորություն ընձեռելով 10-րդ դասարանցիների համար։ Այն կօգնի խորությամբ ուսումնասիրելու նախընտրելի բնագիտական առարկան, ձեռք բերելու նախագծերի կառավարման ու հետազոտական հմտություններ, սովորածը յուրացնելու գործնական աշխատանքով և կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում։

«Այբ» հիբրիդային կրթությունը կոչված է ոչ թե փոխարինելու դպրոցական ծրագիրը, այլ լրացնելու հիմնական կրթությունը։ Ծրագիրը կիրառելու է հիբրիդային կրթության լավագույն միջազգային մոտեցումները՝ համադրելով առցանց և անցանց դասավանդումը։ «Այբ» հիբրիդային կրթությունը նախագծային է (project-based learning)։ Այն օգնում է իրական խնդիրների լուծման միջոցով խորացնելու գիտելիքները և համարվում լավագույն կրթական մոդելներից մեկն աշխարհում։ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից և Արցախից ընտրված աշակերտները մինչև 10 հոգանոց թիմերով աշխատելու են նախագծերի պատրաստման ուղղությամբ՝ իրենց ոլորտներում ճանաչված ու փորձառու մասնագետների ղեկավարությամբ։ Ծրագրի տևողությունը 18 ամիս է։

«Այբ» հիբրիդային կրթությունը ներառում է՝

• հետևյալ առարկաներից մեկը (աշակերտի ընտրությամբ)՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ՏՀՏ,

• «Ստեղծարար մտածողություն, նախագծերի կառավարում և հետազոտական հմտություններ» դասընթաց,

• դասախոսություն-հանդիպումներ հեղինակավոր խոսնակների հետ,

• «Ինքնություն և արժեքներ» դասընթաց,

• մասնագիտական կողմնորոշման այցեր։

Մասնակիցներն ընտրվելու են քննությունների և հարցազրույցների արդյունքում։ Ծրագրի գրանցումն արդեն բաց է հետևյալ հղմամբ։ Ծրագրի մասին հավելյալ մանրամասներ կարդացե՛ք այստեղ։

Comment here