ԳլխավորԼուր

Հայաստանում հիմնադրվում է մասնագիտական կրթության միջազգային «Մատենա» կենտրոնը

«Մատենա» կենտրոն

Հայաստանում հիմնադրվում է մասնագիտական կրթության միջազգային «Մատենա» կենտրոնը։  Նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:

Կենտրոնն առաջարկելու է բոլորովին նոր որակի և ձևաչափի կրթական ծառայություններ՝ արդեն հավաքագրած լինելով թե՛ համաշխարհային, թե՛ տեղական փորձագետների հսկայական բազա, համադրելով և մեկտեղելով նրանց փորձը, ինչպես նաև համագործակցելով միջազգային հեղինակավոր հաստատությունների հետ:

«Մատենա»-ն հավակնում է առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, ինչը շղթայական ազդեցությամբ պետք է նպաստի ամբողջ համակարգի աստիճանական բարեփոխմանը:

Նոր կրթական կենտրոնի առանցքային գործընկերներից մեկը «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցն է, որի հետ համատեղ արդեն մշակվել և մատուցվելու են «Մատենայի» մեկնարկային ծրագրերը՝ միջին և բարձր օղակների ղեկավարների, ինչպես նաև ձեռնարկատերերի համար:

Դպրոցի հոգաբարձուների միջազգային խորհուրդը, ինչպես նաև միջազգային ակադեմիական խորհուրդը կազմված են ակադեմիական և գործարար համայնքների հեղինակավոր ներկայացուցիչներից, հայտնի հասարակական-քաղաքական գործիչներից, որոնց թվում են՝

«McKinsey» ընկերության՝ Բելգիայի և Լյուքսեմբուրգի գրասենյակի երկարամյա ղեկավար, Բրյուսելի ազատ համալսարանի խորհրդի նախագահ Պիեռ Գուրջյանը, «Picsart» ընկերության համահիմնադիր և տնօրեն Հովհաննես Ավոյանը, «Yandex» ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Նոր տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը, Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն, Մոսկովյան ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանը, «Renault-Nissan-Mitsubishi» ավտոմոբիլային ալյանսի նախկին ղեկավար Կառլոս Գոնը, «Ernst & Young» ընկերության՝ ԱՊՀ երկրների երկարամյա ղեկավար Կառլ Յոհանսոնը, Ղազախստանի նախկին վարչապետ Իմանգալի Տասմագամբետովը, «QG Family Office» ընկերության տնօրեն Մարթա Ալբերտը և այլ նշանավոր անդամներ:

«Մատենայի» ծրագրերը մեկնարկելու են 2022 թվականի առաջին եռամսյակում: Ծրագրերի հնարավոր մասնակիցներ կլինեն ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչները և օտարերկրացիները, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և տարածաշրջանի այլ երկրներից:

Համաշխարհային և տեղական հզոր փորձագիտական ցանցի միջոցով կազմակերպվելու են նաև անվճար բաց դասեր՝ երիտասարդների, ուսանողների և հասարակության ավելի լայն շերտերի համար:

Մատենայի դասընթացներն անցկացվելու են ինչպես Հայաստանում (Երևան, Դիլիջան և այլն), այնպես էլ արտերկրում՝ միջազգային գործընկերների հետ համատեղ։

Մեկնարկային ծրագրերի մասին կհայտարարվի շուտով։