ԳլխավորԼուր

Մեծ է այն ծնողների թիվը, որոնք խուսափում են երեխային առաջին դասարան տանել 6 տարեկանում. նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կրթությունից դուրս մնացած երեխաներին ուսումնական հաստատություններում ընդգրկելու, համակարգային մոտեցումների և սահմանված իրավական կարգավորումների վերաբերյալ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից մշակված և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գործարկված առցանց հարթակի աշխատանքները, որի նպատակը կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտումն ու ուղղորդումն է:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ վերջերս հրապարակված մարդահամարի և կրթության համակարգում փաստացի ներգրավված երեխաների տվյալների համադրումը և վերլուծությունը ցույց են տալիս, որ հիմնականում երեխաները կրթությունից դուրս են մնում հանրակրթության մեկնարկի փուլում։ Բավական մեծ է այն ծնողների թիվը, որոնք խուսափում են երեխային առաջին դասարան տանել 6 տարեկանում՝ պատճառաբանելով՝ իբր երեխան դեռևս պատրաստ չէ դպրոց հաճախել։ Նման մոտեցումը չի բխում երեխայի շահից և հետագայում երեխայի զարգացման ու կրթություն ստանալու տեսանկյունից առաջ է բերում բավականին լուրջ հարցեր: Նախարարը նշել է, որ այս խնդիրը լուծելու համար պետք է մշակել գործուն իրավական մեխանիզմներ:

Մյուս խնդիրը պայմանավորված է 9-րդ դասարանից հետո որոշ դեռահասների կրթությունը չշարունակելու հանգամանքով։

«Այստեղ ևս մենք պետք է հասկանանք համագործակցության արդյունավետ ձևերը, որոնցով հնարավոր կլինի ուղղորդել երեխաներին շարունակել կրթությունը և ստանալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված 12-ամյա պարտադիր կրթություն»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի դիտարկմամբ՝ լինում են իրավիճակներ, երբ ծնողները չեն կարևորում երեխաների պարտադիր 12-ամյա կրթություն ստանալու օրենսդրական պահանջը, ուստի խնդրի լուծման համար պետք է համակարգային մոտեցում որդեգրել: Անդրադառնալով պարտադիր կրթությունից դուրս մնացած ազգային փոքրամասնությունների երեխաների բացահայտման գործընթացին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այստեղ շատ կարևոր է ազգային փոքրամասնությունների համայնքների հետ համագործակցությունը։ Այս նպատակով ԱԺ-ում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորների նախաձեռնությամբ քննարկումներ են կազմակերպվել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նշել է, որ հանրակրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրները տարբեր են՝ սկսած դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումից, ստացված տվյալների անհամապատասխանությունից, ենթակառուցվածքների անհասանելիությունից՝ մինչև բնակության վայրի փոփոխություն և սոցիալական դժվարին պայմաններ։