ԳլխավորԼուրԽճանկար

Վերջին 10 տարում Հայաստանում ուսուցիչների թիվը նվազել է. դեֆիցիտի ֆոնին 1300 ուսուցչի աշխատանքը վտանգված է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին 10 տարում Հայաստանում ուսուցիչների թիվը նվազել է 2505-ով. դեֆիցիտի ֆոնին 1300 ուսուցչի աշխատանքը վտանգված է

ՀՀ հանրակրթական դպրոցներում 1300–ից ավելի ուսուցիչ կա, որոնք չունեն բարձրագույն կրթություն։ Այդ ուսուցիչները կամ կատեստավորվեն, կամ չեն շարունակի դասավանդել։ Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ եթե ուսուցիչները մասնակցեն կամավոր ատեստավորման և հավաքեն 60 տոկոսից ավելի միավոր, ապա կմնան իրենց աշխատանքին: 70 միավորից ավելի ստանալու պարագայում նրանք կխրախուսվեն, դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ, ինչպես նաև կգործի 30-50 տոկոսից ավելի հավելավճար` կախված ատեստավորման արդյունքից:

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանը, սակայն, հարցուպատասխանի ժամանակ նկատեց՝ գործընթացը որոշ դեպքերում կարող է անարդյունավետ լինել.

«Այս դեպքում մենք ատեստավորումը բարձրագույն կրթության նկատմամբ գերակա ենք համարում… Ասում ենք` շարունակե´ք բարձրագույն կրթություն չունենալ, բայց եկե´ք, ատեստավորվե´ք»:

Նախարարը հակադարձեց` շուրջ 12 տարի առաջ օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որպեսզի նրանք պարտադիր ունենան բարձրագույն կրթություն։ Ուսուցիչները 12 տարի ժամանակ ունեին դրան նախապատրաստվելու համար:

Իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ մտահոգություն հայտնեց. ինչպե՞ս է լուծվելու ուսուցիչների թափուր մնացած հաստիքների հարցը։ Նախարարն արձագանքեց՝ հարկավոր է հասկանալ՝ մեզ պետք է ուսուցչի ֆիզիկական ներկայությո՞ւնը, թե՞ այնպիսի ուսուցիչ, որը կարողանա դասավանդել:

Անդրեասյանը, այնուամենայնիվ, ընդգծեց․ խոսքը այդ ուսուցիչներին միայնակ թողելու մասին չէ․ կլինեն վերապատրաստման ծրագրեր։

1300 ուսուցիչների` համակարգից դուրս մնալու հավանականության վերաբերյալ նախարարի հայտարարությունը, սակայն, սոցցանցերում սուր ընկալվեց հատկապես հանրապետությունում առկա ուսուցիչների դեֆիցիտի ֆոնին, որի մասին հենց նախարարությունից պարբերաբար ահազանգում են:

Usanogh.am-ը հավաքագրել է տվյալներ հանրապետությունում 2012-13 ուսումնական տարվանից մինչև 2022-23 ուսումնական տարին ուսուցիչների թվի նվազման վերաբերյալ: Այսպես` 10 տարի առաջ հանրապետության հանրակրթական դպրոցներն ունեցել են 40 790 ուսուցիչ , որից 34 375-ը` կանայք (ուսուցիչների և պարզապես դասավանդողների թիվը հաշվված է միասին), իսկ 22-23 ուսումնական տարվա տվյալներով նրանց թիվը նվազել է 2505-ով. մենք ունենք 30 200 ուսուցիչ, 27 022-ը՝ կանայք. և 8085 դասավանդող, որից 5994-ը` կանայք:

Երևանում վերջին 10 տարվա ընթացքում ուսուցիչների թիվը նվազել է 26-ով, Արագածոտնում ուսուցիչների թիվը նվազել է 283-ով, Արարատում՝ 130-ով, Արմավիրում՝ 408-ով։ Գեղարքունիքում նրանց թիվը նվազել է 541-ով: Լոռիում վերջին 10 տարվա ընթացքում ուսուցիչների թիվը նվազել է 398-ով, Կոտայքում՝ 199-ով, Շիրակում՝ 271-ով: Սյունիքում ուսուցիչների թիվը նվազել է 66-ով, Վայոց Ձորում 10 տարի անց 144-ով պակաս ուսուցիչ ունենք: Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 91-ով:

Մանրամասները` տեսանյութում:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ