ԳլխավորԽճանկար

Ֆրանսիայում ուսման վարձը չվճարելու դեպքում քեզ չեն հեռացնի համալսարանից. Թամարա Կարապետյան

Թամարա Կարապետյանը

Քսանմեկամյա Թամարա Կարապետյանը արդեն 5 տարի է, ինչ բնակություն է հաստատել Ֆրանսիայում։ Usanogh.am-ի հետ զրույցում Թամարան պատմեց այնտեղի կյանքի, կրթության, եղած առավելությունների և հանդիպած դժվարությունների մասին։

-Ինչպե՞ս առաջացավ արտասահմանում սովորելու միտքը, ինչպե՞ս հայտնվեցիք Ֆրանսիայում։

— Կյանքի թելադրանքով և հանգամանքների բերումով ընտանիքով տեղափոխվեցինք` որոշ ժամանակ Ֆրանսիայում բնակվելու։ Սկզբում լեզվին չէի տիրապետում և կարծում էի, որ չեմ կարողանալու կրթությունս շարունակել այնտեղ, սակայն շատ արագ ֆրանսերենը յուրացնելով` 3 տարի սովորեցի ավագ դպրոցում, ապա կրթությունս շարունակեցի Մարսելի համալսարանում (Aix-Marseille University)՝ իրավագիտության ֆակուլտետում։

— Ինչո՞վ էր պայմանավորված մասնագիտության ընտրությունը։

— Շատ երկար ժամանակ չեմ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, սակայն միշտ հետաքրքրված եմ եղել իրավագիտությամբ։ Դրա համար որոշեցի ընդունվել իրավաբանության ֆակուլտետ։ Հիմա, լինելով այդ բնագավառում, մտափոխվել եմ, հասկացել, որ միջազգային հարաբերություններն ինձ առավել հոգեհարազատ են, մտադրություն ունեմ հետագայում այդ ուղղությամբ շարունակել։

— Մինչև արտասահման մեկնելը ի՞նչ կրթություն եք ստացել Հայաստանում։

— Մինչ Ֆրանսիա տեղափոխվելը սովորել եմ հիմնական դպրոցում, ապա` Պոլիտեխնիկի քոլեջում։

— Ի՞նչ է անհրաժեշտ Ֆրանսիայում կրթությունը շարունակելու համար։

— Կարծում եմ՝ ամենակարևորը լեզվի իմացությունն է, իսկ ֆինանսական տեսանկյունից` Եվրոպայում սովորելու ցանկության դեպքում կան շատ ծրագրեր` տեղի և արտասահմանի ուսանողներին օգնելու համար։ Չնայած կրթությունը անվճար է, սակայն կացարանի, սննունդի, հագուստի համար պետք է ֆինանսապես պատրաստ լինել և վճարել։

— Որքա՞ն ժամանակով է կրթական ծրագիրը։

-Կրթական ծրագրի տևողությունը կախված է մասնագիտության ընտրությունից։ Այստեղ հնարավորություն կա կարճաժամկետ ուսուցման, որը հնարավորություն է տալիս ունենալ նորմալ վարձատրվող մասնագիտություն նրանց համար, ովքեր չեն ցանկանում երկար սովորել։ Ինչ վերաբերում է իմ կրթություն ստանալու ժամանակին, ապա այն տևելու է 5-7 տարի, սակայն այդ տարիները ներառում են նաև պրակտիկան, որը և’ վարձատրվող է, և’ համարվում է աշխատանքային փորձ, ինչի շնորհիվ նաև դառնում ես ֆինանսապես անկախ։

— Նոր քաղաքում որտե՞ղ և ի՞նչ պայմաններում եք բնակություն հաստատել։

— Ընտանիքով բնակություն ենք հաստատել Մարսելից ոչ շատ հեռու գտնվող Միրամաս քաղաքում։ Այստեղ բնակվելը հարմարավետ է նաև նրանով, որ համալսարանը մոտ է, և ավտոբուսով արագ հասնում եմ, հակառակ դեպքում` ստիպված էի լինելու առանձին, համալասարանին մոտ բնակարան վարձել։

— Նոր ընկերներ ձեռք բերե՞լ եք, հե՞շտ է նրանց հետ շփվելը:

— Ունեմ, նրանքայլ ազգի ներկայացուցիչներ են, դավանում են այլ կրոնի, սակայն դա չի խանգարում մեր շփմանը, և մենք շատ լավ ենք հասկանում միմյանց։ Սկզբում միայն դա չէր հաջողվում, քանի որ լեզու չգիտեի, և մտածում էի, որ միշտ առանձնացած եմ մնալու, սակայն իմ կյանքում հայտնվեցին իմ ընկերները, ովքեր ևս շատ օգնեցին անկաշկանդ հաղորդակցվելու և լեզուն արագ սովորելու հարցում։

Մարսելի համալսարանը (Aix-Marseille University)
Մարսելի համալսարանը (Aix-Marseille University)

— Ո՞րն է եղել ամենամեծ դժվարությունը, որին հանդիպել եք նոր երկրում։

— Այստեղ նորից պետք է անդրադառնամ լեզվի չիմացության փաստին, քանի որ քեզ չհասկացված և ոչ լիարժեք ես զգում, բացի այդ` դրա պատճառով ստիպված եղա սկզբում ինձնից 2 տարի փոքրերի հետ սովորել, սակայն հիմա, որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ այդ երկու տարիները շատ մեծ նշանակություն են ունեցել ինձ համար։

-Ի՞նչ տարբերություններ կան Հայաստանի և Ֆրանսիայի կրթական համակարգերի միջև, և ո՞րն է, ըստ Ձեզ, առավել հասանելի և արդյունավետ ուսանողների համար։

— Հայաստանում չեմ հասցրել սովորել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ինչ վերաբերում է միջնակարգ կրթությանը, ապա պետք է նշեմ, որ, իմ կարծիքով, այստեղ կրթական ծրագրերը այնպես են կազմակերպվում, որ հնարավորինս հետաքրքիր լինեն աշակերտների համար։ Չկան մեծ քանակությամբ տնային աշխատանքներ, պատմելու դասեր, անգիրներ։ Այստեղ դասերը տևում են մեկ ժամ, և ուսուցիչներն էլ իրենց հերթին շատ հետաքրքիր են անցկացնում, աշակերտները չեն էլ զգում ժամանակը։ Դասերի ժամանակ նայում ենք տարբեր տեսահոլովակներ։ Օրինակ՝ պատմության դասերին էքսկուրսիաներ ենք կազմակերպում, «շրջում ենք» տարբեր վայրերում։ Իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունների ամենամեծ առավելություններից մեկը այն է, որ երբեք ուսման վարձը չվճարելու դեպքում քեզ չեն հեռացնի համալսարանից։

— Նոր երկիր, նոր մշակույթ և ընդունված արժեհամակարգեր: Ինչպե՞ս հարմարվեցիք և ինտեգրվեցիք նոր միջավայրին։

— Շատ տարբերություններ կան Հայաստանի և Եվրոպայի մտածելակերպի միջև։ Շատ բաներ սկզբում ինձ համար ընդունելի չեն եղել այստեղ, սակայն ժամանակի ընթացքում սովորեցի ապրել՝ հարգելով նաև նրանց արժեհամակարգերը, պահպանելով իմը։

Ինձ այստեղ շատ է դուր գալիս ֆրանսիացիների վերաբերմունքը հայերի նկատմամբ, նրանց հարգանքը, ջերմ հյուրընկալությունը։ Վերջերս` ապրիլի 24-ին, մեր համալսարանի տարածքում և քաղաքապետարանում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` դնելով ՀՀ պետական դրոշը և անմոռուկներ:

— Կցանկանայի՞ք մշտական բնակություն հաստատել Ֆրանսիայում։

— Դեռ չկա հստակ որոշում, ժամանկը ցույց կտա։ Ես Եկա Ֆրանսիա այն շրջանում, երբ նոր կյանք մտնելու փուլում էի։

— Ի՞նչ խորհուրդ կտաք ուսումը արտասահմանում շարունակել ցանկացողներին։

— Նախքան նոր երկրում բնակություն հաստատելը պետք է սովորել այդ երկրի լեզուն, ծանոթանալ տվյալ երկրի պատմությանն ու մշակույթին՝ ավելի արագ ինտեգրվելու համար։

Տեղեկանք. Aix-Marseille University ֆրանսիական բազմապրոֆիլ բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է 2012 թվականի հունվարի 1-ին Պրովանսի, Միջերկրածովյան ու Պոլ Սեզանի համալսարանների միաձուլումից։

ԳՈՀԱՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս