Ֆրանսիայի Մարսել քաղաքում` «Վելոդրոմ» մարզադաշտում, երեկ երեկոյան տեղի ունեցած «Մարսել»-«Ղարաբաղ» ֆուտբոլային խաղի ժամանակ Մարսելի հայերն ակցիա են իրականացրել, նշված է «ՀՅԴ նոր սերունդ» ֆեյսբուքյան էջում։
Մարսելի հայ համայնքը` ի դեմս տեղի դաշնակցականների, մինչ խաղը հորդորել էին բոլոր հայերին տոմս գնել և ներկա լինել խաղին։
«Սա միայն ֆուտբոլային հանդիպում չէ, այլ պայքար ճշմարտության և արդարության համար: Այս ակումբն ավելին է, քան մարզական թիմ, այն բռնապետ Իլհամ Ալիևի հակահայկական ռասիստական ռեժիմի քարոզչական գործիքն է: Ուրեմն, Հայաստանի և Արցախի դրոշներով բոլորդ դեպի «Վելոդրոմ» մարզադաշտ, հակազդելու այս ստին, որը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը ֆեյք է։ Մենք պարտք ենք բոլոր հայ զինվորներին, որոնք իրենց կյանքը վտանգելով պաշտպանեցին մեր հողերը»,-նախքան խաղը սոցցանցում հայտարարել են տեղի հայերը։
Խաղի ժամանակ հայերը ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, պաստառներ պարզել, որոնց վրա գրված է եղել «Արցախը Հայաստանն է», «Ադրբեջանը հանցագործ երկիր» է։
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով` հօգուտ «Մարսելի»։