ԳլխավորԼուր

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը վերաճանաչել է ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը

ՃՇՀԱՀ

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը ուսումնասիրելով և փորձաքննության ենթարկելով Ճարտաապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի վերջին տարիների ընթացքում իրականացրած կրթագիտական գործունեությունը ու բարեփոխումները՝ վերաճանաչել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը՝ ֆրանսիական պետական դիպլոմին համարժեք:

Այն վավեր է 2023-ից մինչև 2027-ը ներառյալ:

Ճարտարապետի պետական դիպլոմը թույլ է տալիս դիպլոմավորված շրջանավարտին Ֆրանսիայում գործունեություն ծավալել որպես աշխատող, ինչպես նաև գրանցվել մասնագիտական դասընթացի «ճարտարապետի պետական դիպլոմ ունեցող սեփական նախագիծ իրականացնելու լիցենզիա» ստանալու համար:

Պետության կողմից շնորհված այս լիցենզիան թույլ է տալիս տիտղոսակրին գրանցվել ճարտարապետների միությունների տարածաշրջանային ցանկում՝ նպատակ ունենալով իրականացնել ճարտարապետի մասնագիտական գործունեություն: Այն ստանալու համար վերապատրաստումը կարելի է իրականացնել Ֆրանսիայի ազգային բարձրագույն ճարտարապետական որևէ դպրոցում, Փարիզի ճարտարապետական հատուկ դպրոցում և Ստրասբուրգի կիրառական գիտությունների ազգային ինստիտուտում: Այլ կերպ ասած՝ ճարտարապետները իրենց մասնագիտական գործունեությունը լիիրավ կարող են շարունակել իրականացնել Ֆրանսիայում իրենց գործընկերների իրավունքներին հավասարազոր:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կառավարության կողմից ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դիպլոմը ստացել է պետական ճանաչում 1994թ-ից, որը ըստ սահմանված կարգի 5 տարին մեկ անցնում է վերաճանաչման գործընթաց։