ԳլխավորԼուր

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է

Իսպանիայի ֆուտբոլիստները Եվրո-2024-ում

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի առաջին խաղում երեկ ուշ երեկոյան Մյունխենում մրցեցին Իսպանիան և Ֆրանսիան:

Ֆրանսիային հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: Գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Կոլո Մուանիին: Իսպանիան հաշվի հավասարությունը վերականգնեց  21-րդ րոպեին, երբ հեռահար հարվածով գոլը խփեց Յամալը: Նա դարձավ պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դառնում 16 տարեկանում: Եվս 4 րոպե անց Ֆրանսիայի հավաքականի կազմում ինքնագոլ գրանցվեց։ Թիմերն ընդմիջման գնացին Իսպանիայի առավելությամբ 2:1 հաշվով, որն անփոփոխ մնաց մինչև  հանդիպման ավարտը։

Մյուս կիսաեզրափակիչը՝ Նիդեռլանդներ-Անգլիա, կկայանա այսօր։ Հանդիպումը կսկսվի ժամը 23.00-ին։

Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին։ Ի դեպ, դրանից մեկ օր առաջ Յամալը կնշի իր 17-ամյակը։

Իսպանիայի հավաքականն իր պատմության մեջ 5-րդ անգամ և 2012 թվականից ի վեր առաջին անգամ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Իսպանացիները Եվրոպայի եռակի չեմպիոն են (1964, 2008, 2012) և մրցաշարում հաղթելու դեպքում կդառնան Եվրոպայի ամենատիտղոսակիր թիմը՝ շրջանցելով Գերմանիային (1972, 1980, 1996):