ԳլխավորԼուր

Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

Այսօր հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։

ԵՊՀ «ISTC» կենտրոնում կայացած միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Անդրադառնալով հայազգի գիտնականին կոչում շնորհելու որոշմանը՝ ԵՊՀ ռեկտորն ասաց, որ այն միաձայն ընդունվել է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից:

Պատվավոր դոկտորի կոչում ստանալուց հետո Նուբար Աֆեյանը հանդես եկավ ելույթով, այնուհետև պատասխանեց պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հարցերին։

ԵՊՀ պատվավոր դոկտորը, անդրադառնալով երկրի զարգացման գործում կրթության կարևորությանը, նշեց․ «Ուրախ եմ և հպարտ, որ արժանացա ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման: ԵՊՀ-ն, անշուշտ, ամենահզոր ու մեծ համալսարանն է Հայաստանում, իսկ ապագայի ներուժը կրթության մեջ է»:

Ն․ Աֆեյանը պատմեց նաև իր անցած ուղու մասին․ «Ես հաճախել եմ Լիբանանի հայկական դպրոց, որը Հայաստանից դուրս գտնվող եզակի հայկական համալսարաններից մեկի՝ Հայկազյան համալսարանի հենց կողքին էր գտնվում, և ես միշտ մտածում էի, որ գնալու եմ այդ համալսարան, քանի որ ես երբևէ չեմ պատկերացրել, որ կարող եմ կանգնել հայրենիքի պետական համալսարանում, քանի որ 1970-ականներին Հայաստանը մեզ համար հեռավոր ու անհասանելի մի բան էր թվում»:

Նշենք, որ Ն․ Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող գիտական և տեխնոլոգիական 20-ից ավելի հաստատությունների հիմնադրմանն ու կայացմանը, հանդես է եկել մարդասիրական նախաձեռնություններով, արժանացել է պետական պարգևների և մրցանակների։