Հայաստանն առաջին անգամ մասնակցել է սովորողների գնահատման PISA 2025 (Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ 15 տարեկան սովորողների շրջանում անցկացված հետազոտությունն իրականցվել է 3 ուղղությամբ՝ ընթերցանություն, մաթեմատիկա և բնական գիտություններ։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադառնալով PISA-ի տվյալներին, ֆեյսբուքյան էջում գրել է, որ ըստ այդ հետազոտության, կրթական ոլորտում Հայաստանը հետ է մնում գրեթե բոլորից։
«Կրթական ոլորտում մի այլ կերպ հետ ենք գրեթե բոլորից։ Որ պատկերացնեք, օրինակ, բազային կարդալու մակարդակին հասնում են 15 տարեկան աշակերտների 19%-ը, միջինը երկրներով կազմում է 69%, Ադրբեջանում` 35%, մաթեմատիկայից՝ 28%, միջինը 65%, Ադրբեջանում 48%. Ու գրեթե բոլոր կետերով սենց վիճակ։ Հայաստանը ընդհանուր չափանիշներով վերջից տասներեքերորդ երկիրն է»,-գրել է Մարտիրոսյանը։
«Ազատություն»-ն էլ հայտնում է, որ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։
Հետազոտության բոլոր երեք հիմնական ուղղություններով հայ դպրոցականների արդյունքները ցածր են եղել մասնակից երկրների միջին մակարդակից։ Հայաստանի միջին արդյունքը կազմել է՝ 369 միավոր բնագիտական առարկաներից ( 485 միավոր՝ ըստ երկրների միջին), 376 միավոր մաթեմատիկայից ( 472 միավոր՝ ըստ երկրների միջինի), 348 միավոր ընթերցանությունից ( 472 միավորի՝ ըստ երկրների միջինի)։ Հետ մնալը ուսման տարիների համարժեքով կազմել է 4-5 տարի։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հիմնական արդյունքների ներկայացման ժամանակ նշել է, որ 2025 թվականին PISA հետազոտությանը մասնակցած 15-ամյա սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախկին պետական չափորոշչով։ Հետևաբար, նախարարի կարծիքով, ստացված արդյունքները կարող են դիտարկվել ելակետային տվյալներ, որոնք հետագայում հնարավոր կլինի համադրել նոր չափորոշչի ներդրումից հետո արձանագրվող արդյունքային տվյալների հետ։ Նա շեշտել է՝ հետազոտությունն առանձնապես տեսանելի է դարձրել սովորողների՝ ստացած գիտելիքները գործնական իրավիճակներում կիրառելու խնդիրը։
PISA հետազոտությունն անցկացվում է 4 տարին մեկ․ այն ցույց է տալիս, թե որքանով է սովորողը կարողանում գիտելիքը կիրառել տարբեր իրավիճակներում։ 2025 թվականի ստուգատեսին մասնակցել է 91 երկիր։ Հայաստանում գնահատումն իրականացվել է 2025 թ․ մարտ-մայիս ամիսներին, որին մասնակցել է մոտ 7000 սովորող 295 դպրոցից։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



