ԳլխավորԼուր

ԱՄՆ-ում մահացել է բարերար Անուշ Մաթևոսյանը

Ամերիկայի հայկական համագումարը վշտով հայտնում է Անուշ Մաթևոսյանի մահվան լուրը, ում բարեգործությունը տարածվում էր Միացյալ Նահանգներում, Հայաստանում և Արցախում։

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Ամեն ինչին սեփական ուժերով հասած, Նյու Յորքի անշարժ գույքի ձեռնարկատեր, ով սկսել էր իր մասնագիտական ուղին բուժքրոջ մասնագիտությունից, Մաթևոսյանի աջակցությունը Հայաստանի և Արցախի կրթական հաստատություններին այնպիսի մասշտաբի էր, որ օգուտ տվեց ուսանողների մի քանի սերունդներին: Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) միջոցով նա հովանավորեց լուրջ բարելավումներ Երևանի պետական համալսարանում, կառուցեց նոր դպրոց Արցախում, ամառային ճամբար՝ Եղեգնաձորում, իսկ երկրաշարժից տուժած Վանաձոր քաղաքում նրա բարերարությունն ընդունվեց իր պատվին դպրոցի անվանակոչմամբ։ Մաթևոսյանը հատկապես հպարտ էր Երևանի պետական համալսարանի կրթաթոշակառուներով, ովքեր կարողացան շարունակել իրենց ուսումը և մասնագիտություն ձեռք բերել շնորհիվ Ամերիկայի Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արևելյան թեմում իր ստեղծած հիմնադրամի՝ արժանավոր ուսանողներին պարգևների ամենամյա բաշխման համար։

Մաթևոսյանը նաև Ամերիկայի հայկական համագումարի երկարամյա աջակիցն էր և ծառայեց Հայկական ազգային ինստիտուտի ղեկավարների խորհրդում ու Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի հոգաբարձուների խորհրդում մինչև իր մահը»:

Անուշ Մաթևոսյանի հոգեհանգստի պատարագը տեղի կունենա հուլիսի 11-ին, առավոտյան ժամը 10-ին Նյու Յորքի Բեյսայդ քաղաքում, Քուինսում, Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցում, որին կհաջորդի հուղարկավորման արարողությունը Նյու Յորք նահանգի Ֆլաշինգ քաղաքի Սեդար Գրով գերեզմանատանը: