ԳլխավորԼուր

ԵՊՀ-ի Մշակույթի կենտրոնն ամփոփել է տարին

ԵՊՀ-ի Մշակույթի կենտրոնում դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել կենտրոնի «Տարվա ամփոփիչ համերգ ու բիենալեի մրցանակաբաշխություն» խորագրով միջոցառումը, որին մասնակցում էին հայաստանյան տարբերի բուհերի ուսանողներ:

Միջոցառմանը ներկա էր ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ուսանողներն ու կենտրոնի սաները:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան ԵՊՀ մշակույթի կենտրոնի ինչպես ներկա, այնպես էլ տարբեր տարիների մեներգիչները, աղջիկների պարային համույթը, երգչախումբը, «YSU band»-ը և «Համալսարանական» թատրոն ստուդիայի սաները:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Մշակույթի կենտրոնի՝ տարվա ընթացքում գրանցած հաղթանակները, մրցանակներն ու բոլոր ձեռքբերումները:

Այնուհետև անցկացվեց նաև «Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ուսանողական բիենալե 2021»-ի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը հավաստագրեր հանձնեց մրցույթի հաղթողներին, ինչպես նաև խրախուսական տեղեր զբաղեցրած ուսանողներին:

Այս տարի մրցույթը, որում ներառվել են արվեստի ու գրականության տարբեր ուղղություններ, անցկացվել է առցանց տարբերակով, որին մասնակցել են ԵՊՀ-ի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայ-Ռուսական (Սլավոնական), Վանաձորի պետական, Հայաստանի ազգային ագրարային համալսարանների, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, ինչպես նաև Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ուսանողները:

Բացի հավաստագրերից, մրցանակներից ու հուշանվերներից՝ մրցույթի մրցանակային ու խրախուսական տեղեր զբաղեցրած ուսանողների ստեղծագործությունները տպագրվելու են «Անկախության սերնդի ձայնը» ժողովածուի 2022 թ. հերթական համարում: