ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում տեղի է ունեցել հայերեն-ադրբեջաներեն զրուցարանի շնորհանդեսը

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մեծ դահլիճում տեղի է ունեցել կովկասագետ, քաղաքագետ, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի հայցորդ Լուսինե Մովսիսյանի հեղինակած հայերեն-ադրբեջաներեն զրուցարանի շնորհանդեսը, տեղեկացնում են բուտի լրատվական ծառայությունից։

Միջոցառմանը ներկա էին գրքի գլխավոր խմբագիր Աշոտ Մովսիսյանը, Ավետիք Հարությունյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների ամբիոնի վարիչ Էդուարդ Զոհրաբյանը, պատմ. գիտ. դոկտոր Գևորգ Ստեփանյանը, քաղաքագետ, դասախոս Սուրեն Պետրոսյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և պատվավոր այլ հյուրեր:

«Զրուցարանի ստեղծման գաղափարն ի հայտ է եկել շատ վաղուց, սակայն կյանքի է կոչվել միայն Արցախյան երկրորդ պատերազմից հետո: Ստեղծված իրավիճակում բավական բարդ էր ադրբեջաներենով որևէ աշխատանք կատարելը, սակայն, ի վերջո, հաջողվեց հաղթահարել պատնեշները և նախաձեռնել զրուցարանի տպագրությունը: Պահանջվեց գրեթե մեկ տարի նյութերն ամբողջությամբ հավաքելու և խմբագրելու համար»,- իր ելույթում նշեց հեղինակը:

Լ. Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մարդկանց, որոնք իրենց աջակցությունն են ունեցել զրուցարանի ստեղծման ու տպագրման գործում. «Լեզվին տիրապետելն այսօր առավել քան երբևէ պետք է կարևորվի։ Հուսով եմ, որ զրուցարանն օգտակար կլինի ինչպես ուսանողների, այնպես էլ մասնագետների համար։ Շնորհակալ եմ համագործակցության համար ու վստահ եմ, որ այն շարունակական է լինելու»:

Միջոցառման մասնակիցները փաստեցին, որ զրուցարանը ռազմավարական և անվտանգության տեսանկյունից ունի կարևոր նշանակություն. անհրաժեշտ է տիրապետել թշնամի երկրի լեզվին, խթանել դրա ուսուցումը Հայաստանում։