Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացել է ձյուդոյի «Մեծ սաղավարտ» շարքի մրցաշարը, որտեղ 71 երկրից շուրջ 500 մարզիկներ, բացի մեդալներից, պայքարել են նաև Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանշային միավորների համար, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանի ներկայացուցիչ, 2018 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը հաջող է հանդես եկել 73 կգ քաշային կարգում՝ 49 ձյուդոիստների պայքարում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: Ուզբեկստանի և Մոնղոլիայի ներկայացուցիչներ Ժալոդիդին Բոյնազարովի և Օդբայա Գանբատարի նկատմամբ տոնած հաղթանակներից հետո Ֆերդինանդ Կարապետյանը քառորդ եզրափակչում մրցել է ադրբեջանցի Ռուստամ Օրաջովի հետ և 2 րոպե 48 վայրկյանում իպոնով առավելության հասել:
Եզրափակչի ուղեգրի համար գոտեմարտում հայ ձյուդոիստը պարտվել է ղազախ Ժանսայ Սմագուլովին և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել: Մեդալային գոտեմարտում Կարապետյանն առավելության է հասել ֆրանսիացի Շեն Գիյոմի նկատմամբ: Բացի բրոնզե մեդալից՝ Ֆերդինանդ Կարապետյանը վաստակել է նաև 500 վարկանիշային միավոր և Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում 47-րդից բարձրացել 38-րդ տեղը (1552 միավոր):
Հավելենք, որ ձյուդոիստները Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի օլիմպիական վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Աղյուսակում մինչև հունիսի 28-ը կարող են փոփոխություններ լինել. խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։