ԳլխավորԼուր

«Լանցետ» միջազգային ուսանողական ծրագիր. պատմությունը, նպատակները և արդյունքները

Հայաստանում առաջին անգամ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ներդրվեց «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագիրը, հայտնում են ԵՊԲՀ-ի լրատվական ծառայությունից։

Այն կյանքի կոչվեց ապագա անոթային վիրաբույժ, 1-ին կուրսի կլինիկական օրդինատոր Տիգրան Սևյանի մտահղացմամբ և Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ: Վերջինի ղեկավար Խաչատուր Մարգարյանի բնորոշմամբ՝ «Լանցետ»-ը հարթակ է, որտեղ ուսանողը գիտական ղեկավարի հովանավորությամբ հմտություններ է սովորեցնում մյուս ուսանողներին: «Սա այն եզակի դեպքերից է, երբ դասավանդման ողջ գործընթացն իրականացնում են ուսանողները»,- ընդգծում է Խաչատուր Մարգարյանը:

Հարթակը, նրա խոսքով, բաղկացած է մի քանի փուլից: «Առաջին փուլում սովորեցնում ենք բազային հմտությունները, երկրորդ փուլում սովորեցնում ենք աշխատել բնական նյութի վրա, երրորդ փուլում իրականացնում ենք փորձարարական վիրահատություններ ողջ կենդանու վրա, չորրորդում արդեն գիտական ղեկավարներից մեկի հսկողության ներքո ծրագրի մասնակիցները ներգրավվում են որպես ասիստենտ իրական վիրահատության ժամանակ», — մանրամասնում է Խաչատուր Մարգարյանը:

Սկզբում, հավելում է նա, նախատեսվում էր չորրորդ փուլն անցկացնել Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի ուսանողների  հետ փոխանակման ծրագրի միջոցով, սակայն COVID-19-ը խափանեց բոլոր ծրագրերը:

«Լանցետ»-ի յուրաքանչյուր փուլից հետո, սահմանված գրաֆիկի համաձայն, ուսանողները պետք է քննություն հանձնեն: Սակայն նրանք ազատ են և կարող են ներկայանալ քննության միայն այն ժամանակ, երբ իրենք հասկանան, որ պատրաստ են քննությանը:

«Մենք ուսանողին տալիս ենք մեկ շաբաթ պատրաստվելու համար: Ցանկացած ժամանակ նա կարող է մտնել փորձարարական վիրասրահ և պարապել, աշխատել իր ցանկացած հմտության վրա: Իսկ քննությունը վերցնում են Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանը և Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանը, որոնք ծրագրի գիտապրակտիկ ղեկավարներն են», — նշում է Խաչատուր Մարգարյանը:

Առաջին երեք փուլերն իրականացվում են փորձարարական վիրասրահներում, իսկ վերջին՝ չորրորդ փուլն անցկացվում է արդեն կլինիկայում՝ գիտական ղեկավարի վերահսկողությամբ:

Ինչու՞ ներդրվեց «Լանցետ» ծրագիրը

Երկրորդ կուրսում, Կարիերայի կենտրոնի ղեկավարի խոսքով, ուսանողները փորձարարական վիրահատարանում անցնում են այն հիմնական հմտությունները, որոնք պետք են: «Բայց վիրահատման բուն գործընթացից նրանք անմասն են մնում մինչև 4-5-րդ կուրս, երբ ուսանողն արդեն գնում է Վիրաբուժության ամբիոն: «Լանցետ»-ի միջոցով մենք ուզում էինք, որպեսզի գործնական հմտությունների զարգացման փուլը ռեալ վիրահատական պայմաններում ուսանողի մոտ բաց չմնար: Մենք ուզում էինք, որպեսզի այս երեխաները շարունակեին զարգացնել նշված հմտությունները», — ասում է Խաչատուր Մարգարյանը:

«Լանցետ»-ին մասնակցելու համար 150 դիմորդից ընտրվել է 50 ուսանող:

2020-2021 ուստարվա շրջափուլը կավարտվի այս տարվա ամռանը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here