ԳլխավորԼուր

Մեկնարկել է «Լանցետ» միջազգային ուսանողական ծրագրի նախընտրական փուլը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» (LanZzete) միջազգային ուսանողական ծրագրի նախընտրական փուլը, տեղեկացնում են բուհից։

«Լանցետ»-ը վիրաբուժական հմտությունների դասավանդման ծրագիր է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ և 5-րդ կուրսերի ուսանողների համար: Այն միջազգային ուսանողական միջավայր է, որը հնարավորություն կտա ապագա բժիշկներին զարգացնելու վիրաբուժական գործնական հմտությունները՝ անկախ տարիքից և փորձից:

Սկսելով վիրաբուժության հիմքերից և լրացնելով տեսական գիտելիքների պաշարը, օգտագործելով արհեստական նյութեր՝ ուսանողները կսովորեն ամենապարզից մինչև ամենաբարդ հմտությունները: Այնուհետև տեսական գիտելիքները կհասցվեն վիրաբուժական մակարդակի. ապագա վիրաբույժները կաշխատեն հյուսվածքների հետ՝ սովորելով յուրաքանչյուր հյուսվածքի հետ աշխատելու սկզբունքները, օրենքները և առանձնահատկությունները:

Ձեռք բերված վիրաբուժական հմտություններն օգտագործելու նպատակով ծրագրի մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու վիրահատությունների համալսարանական կլինիկաներում և Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի փորձարարական վիրասրահում: Որոշակի փորձ ձեռք բերելուց և սեփական ունակությունները զարգացնելուց հետո ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալու միջազգային վիրաբուժության փորձին՝ մասնակցելով արտասահմանյան բուհերի հետ փոխանակման հետագա ծրագրերին:

Կարիերայի կենտրոնի ղեկավար, «Լանցետ» միջազգային ծրագրի համակարգող Խաչատուր Մարգարյանի խոսքով՝ դասընթացին մասնակցելու համար դիմել է 154 ուսանող:

Դիմորդներից Դիանա Դումանյանը նախընտրական փուլի ընթացքում նշեց, որ ցանկանում է ակնաբույժ դառնալ, իսկ ծրագրին մասնակցությունը կարևոր է՝ գործնական հմտություններ ձեռք բերելու համար:

Արցախցի ապագա մանկական վիրաբույժ Լյուդմիլա Ավետիսյանի համոզմամբ՝ դասընթացը կօգնի վիրաբուժության վերաբերյալ որոշակի բացթողումներ լրացնել: Իսկ արթիկցի Վահե Աղաքարյանը, որը նույնպես ծրագրի դիմորդներից է, հստակ սահմանելով, թե ինչ է վիրաբուժությունը, նշեց, որ դեռ չի կողմնորոշվել նեղ մասնագիտացման հարցում. կա՛մ անոթային վիրաբույժ կդառնա, կա՛մ ուռուցքաբան:

Comment here