ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը կանոնակարգելու է առողջապահության ոլորտի հետբուհական մասնագիտական կրթության և լրացուցիչ մասնագիտացման գործընթացը։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանի բժշկական հետբուհական կրթության համակարգը հիմնականում հիմնված է խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված մոտեցումների վրա և չի համապատասխանում ժամանակակից միջազգային չափանիշներին։
Հայաստանում բժշկական կրթությունը բաղկացած է բուհական և հետբուհական փուլերից։
Բուհական փուլում ուսուցումը տևում է վեց տարի, սակայն դրա ավարտից հետո շրջանավարտներն իրավունք չունեն ինքնուրույն աշխատել որպես բժիշկ։ Հետբուհական փուլը ներառում է կլինիկական օրդինատուրա, որը կախված մասնագիտացումից կարող է տևել մեկից հինգ տարի։
Այնուամենայնիվ, ոլորտը համապարփակ կարգավորող իրավական ակտեր ներկայումս չեն գործում, ինչը խնդիրներ է առաջացնում մասնագետների որակավորման և կրթական չափանիշների միատեսակության տեսանկյունից։
Առաջարկվող որոշման հիմնական դրույթները հետևյալն են․ սահմանել առողջապահության ոլորտի հետբուհական մասնագիտական կրթության և լրացուցիչ մասնագիտացման տեսակները։ Հստակեցնել հետբուհական կրթության իրականացման կարգը, պայմանները և վերջնարդյունքները։
Մշակել որակավորման միասնական չափորոշիչներ, որոնք համապատասխան կլինեն միջազգային չափանիշներին։
Ապահովել բժշկական կրթության գործընթացի համապատասխանեցում Հայաստանում իրականացվող բժշկական միջամտությունների պահանջներին։
Այս բարեփոխումը նաև հնարավորություն կտա բժիշկների գիտելիքների և հմտությունների որակի վերահսկման ավելի խիստ մեխանիզմներ ներդնելու, ինչը ներկայումս բացակայում է։
Հ.Գ. Այս լուրի հրապարակման պահին նախագծին կողմ քվեարկածներ չկան, դեմ են արտահայտվել 3-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews