ԳլխավորԽճանկար

Վստահ կայացրեք որոշումներ ու առաջ շարժվեք. Սառա Խոսրովյան

Երեւանի պետական բժշկական համալսարանը շարունակում է ներկայացնել 100-ամյա բուհի շնորհալի ուսանողներին, ովքեր բժշկական կրթություն ստանալուն զուգահեռ, տարբեր ոլորտներում ևս ներգրավվածություն ունեն։

Սառա Խոսրովյանը Արմավիրի մարզի Քարակերտ համայնքից է, սովորել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետում, այժմ սովորում է սիրտ-անոթային վիրաբուժության օրդիանատուրայի վերջին կուրսում։

Նշում է, որ բժիշկ դառնալու որոշումն անակնկալ է եղել թե՛ հարազատների, թե՛ ընկերների համար, թեև մանկուց է երազել ընտրել բժշկի ուղին։

«Երբ հասունացավ մասնագիտություն ընտրելու պահը, առանց վարանելու հասկացա, որ իմ ուղին բժշկությունն է։ Ես ցանկանում էի հասարակության համար կարևոր ու պիտանի մարդ դառնալ։ Ըստ իս՝ դրանից մեծ առաքելություն չկա։ Ամեն պացիենտի հետ աշխատելիս զգում ես, որ կյանքդ իմաստով ես ապրում և դրանից ոգևորվելով՝ ձգտում ես ավելիին»,- ասում է ԵՊԲՀ ուսանողը։

Անդրադառնալով նեղ մասնագիտության ընտրությանը, Սառա Խոսրովյանը նշում է, որ ի սկզբանե սիրել է վիրաբուժությունը. «Պետք է տեսնել և հասկանալ խնդիրն ու ռադիկալ բուժել։ Ամեն օր ավելի եմ համոզվում, որ հենց անոթային վիրաբուժությունն է իմը, չեմ ափսոսում մասնագիտության ընտրության համար, եթե ժամանակը հետ տայի»,- նշում է նա:

Խոսելով նախասիրությունների մասին, ապագա անոթաբույժը պատմում է, որ երաժշտությունն ու սպորտը ևս իր համար հոգեհարազատ են:  «Հաճախել եմ դաշնամուրի դասերի, մասնակցել եմ միջմարզային և հանրապետական շախմատի աղջիկների առաջնության մրցույթների, հանրապետական բանավեճերի, ավելի քան 15 տարի COAF (Children of Armenia Fund) բարեգործական հիմնադրամի անդամ եմ, որի շրջանակներում մասնակցել եմ բազմաթիվ ծրագրերի: Սիրում եմ սպորտով զբաղվել. առողջ մարմնում առողջ հոգի: ԵՊԲՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականում մասնակցել եմ ուսանողական և մարզային մրցումների, ազատ ժամանակս հիմնականում տրամադրում եմ հարազատներիս և ընկերներիս, սիրում եմ կարդալ և ֆիլմեր դիտել»,-հավելում է նա:

«Բժիշկ դառնալու ուղին երկար է ու դժվար: ԵՊԲՀ ընդունվող երիտասարդներին խորհուրդ եմ տալիս սիրել մասնագիտությունը, բուժելու ընթացքն ու պացիենտին: Վստահ կայացրե՛ք որոշումներ, մի՛ վախեցեք սխալներ գործելուց, անընդմեջ աշխատեք ինքներդ ձեզ վրա՝  գիտելիքներ ձեռք բերելու և փորձառու դառնալու համար,  անկոտրում հոգով միշտ առաջ շարժվեք դեպի նորանոր նպատակներն ու բարձունքները: Այս ոլորտում նաև համոզվում ես, որ անհնարին ոչինչ չկա»,-եզրափակում է Սառա Խոսրովյանը:

 

Comment here