ԳլխավորԼուր

Ոստիկանները բերման են ենթարկել Համբիկ Սասունյանին

Ոստիկանները բերման են ենթարկել նաև Համբիկ Սասունյանին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

««Հայրենական» ոստիկանությունը ձերբակալեց Համբիկ Սասունյանին… Ձեզ բա՛րձր ծափահարություններ ՔՊ ֆրակցիայի ու ողջ թուրք ժողովրդի անունից… Համբիկը հանուն հայրենիքի 40 տարի է նստել։ Ոչինչ, երեք ժամ էլ կդիմանա»,- գրել է Մելիքյանը։

Համբիկ Սասունյանը 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր ցմահ ազատազրկման, սակայն 2021-ին ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ մայիսի 2-ի ժ. 8.30-ից սկսելու են փողոցներ փակել։ Կոչ հնչեց դասադուլ ու գործադուլ անել։ Իսկ մինչ այդ աղբամաններով ու նստարաններով փակվեց հրապարակը, վրաններ տեղադրվեցին, որտեղ ցուցարարներ են գիշերում։

Ընդդիմության հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է «հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»։

Մայիսի 2-ից սկսած ամեն օր բողոքի ակցիայի մասնակիցները փողոցներ են փակում, քայլերթեր ու հանրահավաքներ անցկացնում։

Իրավիճակը մի փոքր սրվեց մայիսի 4-ին, երբ ցուցարարները երթով հասան Ազգային ժողովի մոտ, որը բոլոր կողմերից հսկում էին մահակներով ու վահաններով զինված ոստիկանական շղթաները։

Բողոքի ակցիաներն այսօր շարունակվում են։