ՀՀ ԱԺ մայիսի 4-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Կատարված փոփոխությամբ` «Կրթության մասին» օրենքը լրացվել է նոր բովանդակությամբ, որով քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը ճանաչելու իրավական հիմքեր են ստեղծվել: Մասնավորապես սահմանվել են ուսուցման ազգային ռեեստր, լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպման, դասընթացներին մասնակցած անձանց գնահատման, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման հասկացությունները և ընթացակարգերը:
Համաձայն օրենքի` ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը կամավոր գործընթաց է, որն իրականացվում է քաղաքացու ներկայացրած հայտի հիման վրա` նրա գիտելիքների, փաստացի կարողությունների գնահատման միջոցով: Գնահատումն իրականացնում են ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները կամ ֆիզիկական անձինք (գնահատողներ)՝ սահմանված պահանջներին համապատասխանելու և տվյալ մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով:
Գնահատված ու ճանաչված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ աշխատաշուկա մուտք գործելու և կոնկրետ աշխատանք կատարելու կամ զբաղմունք իրականացնելու համար։ Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման համար կսահմանվի և կտրվի պետական նմուշի միասնական փաստաթուղթ: Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը կսահմանի կառավարությունը։