ԳլխավորԼուր

«Տաքացրեք Արցախի երեխաներին». ակցիա՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց

Այսօր բողոքի ակցիա է անցկացվել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ երկակի ստանդարտների քաղաքականությունը դադարեցնելու և Ադրբեջանի կողմից գազամատակարարման դադարեցման պատճառով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին արձագանքելու պահանջով:

Ակցիային հիմնականում մասնակցել են կանայք և երեխաներ, ովքեր եկել են «Մենք էլ ունենք անվտանգ ապրելու իրավունք», «Ճանաչում = անվտանգություն», «Տաքացրեք Արցախի երեխաներին», «Արցախն ապրելու իրավունք ունի» պաստառներով:

«Սա իրենց պատմական հողերից մարդկանց բնաջնջում է։ Ամբողջ աշխարհի հայերը պետք է աջակցեն արցախցիներին և իրենց ձայնը բարձրացնեն Բաքվի ահաբեկչական գործողությունների դեմ։ Այսօր գազն է, իսկ վաղը այլ խնդիր է լինելու։ Հարցը պետք է լուծել»,- ասաց ակցիայի մասնակիցը։

«ՄԱԿ-ը պետք է գործի դնի իր բոլոր մեխանիզմները, որպեսզի լուծի այդ հումանիտար ճգնաժամը։ Մեր երեխաները չպետք է մրսեն կազմակերպության երկերեսանի քաղաքականության պատճառով»,- նշեց մեկ այլ մասնակից։

Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջներով նամակը փոխանցեցին ՄԱԿ-ի ներկայացուցչության գրասենյակ։

Հիշեցնենք՝ մարտի 21-ին ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։