ԱրցախԳլխավորԽճանկար

Կենացային մտածելակերպից դուրս գանք ու տե´ր կանգնենք մեր արցախցի հայրենակիցներին. Մրո

«Մենք` հայերս, չպետք է մոռանանք, որ լավ տեսակ ենք, մնում է` «ես»-ից անցում կատարենք «մենք»-ի, մեզ բաժին հասած ճանապարհն արժանապատվությամբ անցնենք»,-Usanogh.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ազգային, ժողովրդական երգերի կատարող, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո):

Նրա խոսքով` հարկավոր է նախ գիտակցել` այսօր ինչ իրավիճակի մեջ ենք և հոգ տանենք արցախցիների մասին.

«Որոշ մարդկանց կողմից դրվող ջրբաժանները պետք է վերացվեն, մենք պետք է գիտակցենք, որ մեկ ընտանիք ենք: Եկե´ք մեր հույսը մեզ վրա դնենք և կենացային մտածելակերպից դուրս գանք: Խնդիրների լուծման ճանապարհը մե´նք պետք է գտնենք: Ամեն մարդ պետք է համարի, որ իր առաջնային խնդիրն ընդհանրական խնդիրն է, ոչ թե իր առանձին անհատական խնդիրը»:

Արսեն Գրիգորյանն այն համոզման է, որ մենք երբեմն չենք գիտակցում` հոգեբանական ինչ ծանր վիճակում է արցախցին. «Բացասական վարքագծի օրինակներ են բերում, ասում եմ` եղբա´յր, այդ օրինակներն ամեն տեղ էլ կան: Դրական օրինակները բերե´ք մեջտեղ, դրա´նց մասին խոսեք: Մենք պետք է տեր կանգնենք մեր հայրենակիցներին»:

Նա խոսում է նաև Արցախի կարևոր, խորհրդանշական կառույցները, մշակութային օջախները Հայաստանում պահպանելու անհրաժեշտության մասին` Արցախի պետական համալսարանից մինչև Ստեփանակերտի դրամատիկական թատրոն.

«Մենք պետք է ունենանք այն մտայնությունը, որ սա ժամանակավոր իրավիճակ է, որ այդ օջախները մի օր հետ են գնալու…Օրինակ` «Մենք ենք, մեր սարերը» ազգագրական խումբը պետք է ամեն կերպ պահպանել, որպեսզի հանկած չկազմաքանդվի: Ամեն մեկն իր ոլորտի հայրենակցի մասին պետք է հոգ տանի, ամեն մեկս իր դերը պետք է ունենա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ