ԳլխավորԼուր

Ընդդիմադիրները շրջափակել են նախագահականն ու ԱԽ շենքը

«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները շրջափակել են ՀՀ նախագահի նստվայրն ու ՀՀ Անվտանգության խորհրդի շենքը։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց.

«Նախօրոք սահմանված ժամանակ չկա, թե որքան պետք է շրջափակված մնան մուտքերը, շրջափակում ենք այնքան, որքան ցանկանում է ժողովուրդը։ Մեր այսօրվա ակցիայի նպատակը պարզ է և հստակ` մեր պայքարը սկսելու առաջին օրվանից ասել ենք` բոլոր այն պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը, պետք է շրջափակվեն, խոչընդոտելու ենք իրենց գործունեությունը»,– նշեց Սաղաթելյանը։

Նրա խոսքով` նախագահականն ու նախագահը` Վահագն Խաչատուրյանը, ոչ մի առնչություն չունեն պետական պաշտպանության և երկրի հետ, քանի որ, ըստ Սաղաթելյանի, Խաչատուրյանը ՔՊ–ի ներկայացուցիչն է։

Նշենք, որ երեկ երթի մասնակիցները շրջափակել էին ՀՀ ԱԳՆ շենքը։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում «Դիմադրություն» շարժման գլխավորությամբ։ Մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը «հանուն Հայաստանի ու Արցախի»։

Տեղեկացնենք նաև, որ  մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:

Շառլ Միշելի հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ»-փոխարեն նշված էր «Ղարաբաղի էթնիկ բնակչություն», որը անուղղակի նշանակում է, որ ԵԽ նախագահը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս։