ԳլխավորԼուր

Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը 25 տարեկան է

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը նշում է հիմնադրման 25-ամյա հոբելյանը։

Տոնական միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, մարզային ու քաղաքային իշխանության, մշակույթի և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի բակում բարձրացվել են Հայաստանի Հանրապետության և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դրոշները՝ այդ կերպ տալով հոբելյանական միջոցառման մեկնարկը:

Հյուրերը ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի ղեկավար Վահագն Ղուկասյանի ուղեկցությամբ շրջել են ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական հաստատության պայմաններին՝ լաբորատորիաներին և արվեստանոցներին, շփվել ուսանողների և դասախոսների հետ, մասնակցել բուհի դասախոսների ցուցահանդեսի բացմանն ու «Արտ տարածք» արվեստի քննադատության պարբերականի շնորհանդեսին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով 25-ամյա բուհին հոբելյանի առթիվ, ընդգծել է ՀԳՊԱ ԳՄ-ի կարևոր դերակատարումը. «Գյումրիում Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղ ունենալը կարևոր նշանակություն ունի Շիրակում և հարակից տարածաշրջաններում արվեստի կրթության զարգացման և հասանելիության ապահովման տեսանկյունից: Շիրակի մարզի նշանավոր արվեստագետների ներդրումն ու համագործակցությունը կարևոր են հաստատության կայացման, նոր սերնդի կրթության կազմակերպման պատասխանատու աշխատանքում»:

Նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին` նշելով, որ վերջնական մշակման փուլում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմնական նպատակը հավասարության, թափանցիկության, բուհերի ու գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական ազատության և շարժունության ապահովման բարելավումն է:

Կարեն Թռչունյանը բուհի անձնակազմին և ուսանողներին մաղթել է ստեղծագործ հարատև աշխատանք` ի նպաստ բարձրագույն կրթության և գեղարվեստի ոլորտների:

ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի 25-ամյակի միջոցառումներն անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում՝ հիմնական շեշտը դնելով բուհի լաբորատորիաների վերազինման, բակը՝ որպես արվեստային հարթակի ձևավորման և ցուցահանդեսների կազմակերպման աշխատանքներին: