ԳլխավորԼուր

ԵՊՀ դասախոսների համար կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ

ԵՊՀ գիտխորհրդի նիստ

ԵՊՀ գիտական խորհուրդն այսօր հաստատել է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման 2023-2026 թվականների ծրագրի իրականացման կարգը, որը մշակվել է՝ հաշվի առնելով ԵՊՀ 2021-26 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի առաջնահերթությունները, ինչպես նաև իրականացրած հետազոտությունների արդյունքներն ու հանդիպումների ընթացքում արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները։

Այս մասին նշված է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում։

«Հաստատված նոր կարգի համաձայն՝ ԵՊՀ դասախոսների համար կազմակերպվելու են վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցությունը լինելու է կամավոր։ Վերապատրաստման ծրագրով մենք նպատակ ունենք բարելավելու դասախոսների մասնագիտական գիտելիքները, արդիականացնելու նրանց դասավանդման կարողությունները, զարգացնելու հետազոտական աշխատանքներ կատարելու հմտությունները, ինչպես նաև նպաստելու ձևավորված ակադեմիական միջավայրի լավարկմանը։

Վերապատրաստման դասընթացներից հետո անցկացվելու է ամփոփիչ կամավոր ատեստավորում, որի ժամանակ հաշվի է առնվելու ոչ միայն դասընթացների մասնակցությունը, այլև դրանց արդյունքում ստացած գիտելիքների կիրառումը կրթական ծրագրերում: Ատեստավորումը հաջողությամբ անցած դասախոսների աշխատավարձը նախատեսվում է բարձրացնել մինչև 40 տոկոսով:

Ի դեպ, աշխատավարձերի բարձրացման այս գործընթացն անկախ է ԵՊՀ 2021-26 թթ․ զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատավարձերի նախատեսվող բարձրացումներից»,-նշված է գրառման մեջ։