ԳլխավորԽճանկար

ԵՊՀ-ն առանցքային դեր ունի իմ կյանքում. Մանե Մարտիրոսյան

Մանե Մարտիրոսյան

Մանե Մարտիրոսյանը սովորում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի «Քրեական արդարադատություն և փաստաբանություն» մագիստրոսական ծրագրում: Ysu.am-ը նրա հետ զրուցել է համալսարանի և մասնագիտությունների ընտրության, ստացած գիտելիքների, ապագայի պլանների և այլ թեմաների շուրջ:

Մանեն իրեն բնորոշում է որպես անուղղելի լավատես և երազող մարդու, որը սիրում է իր հայրենիքը, համալսարանը և դասախոսներին:

Պատմում է ինքը՝ Մանեն:

Ես գիտեի՝ ինչու եմ գալիս համալսարան

Կրթություն ստանալու համար ընտրել եմ Երևանի պետական համալսարանը, քանի որ այլ կերպ լինել չէր կարող: Ծնվել եմ համալսարանականների ընտանիքում և դեռ մանկուց երազում էի դպրոցն ավարտելուց հետո ուսումնառությունս շարունակել ԵՊՀ-ում. չէ՞ որ այն հայոց առաջին և ամենամեծ, ամենահզոր բարձրագույն ուսումնական հաստատությունն է, Հայոց պետական ու ազգային գոյության խարիսխներից մեկը:

Համալսարանում ես միաժամանակ ստացել եմ երկու մասնագիտություն

Հոգելույս տատիկս շատ էր ուզում, որ բժշկուհի դառնամ, ծնողներս էլ կարծես դեմ չէին, բայց ես հաստատակամ էի իմ որոշման մեջ և դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի միաժամանակ երկու՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի և իրավագիտության ֆակուլտետներ՝ համոզված լինելով, որ համալսարանն ինձ տալու է մրցունակ գիտելիքներ, մասնագիտական փորձառություն՝ ընտրածս ոլորտում սեփական դեմք ու դիմագծով ներկայանալու համար:

Լրագրությունն ու իրավաբանությունը շաղկապված են միմյանց

Առաջին հայացքից՝ լրագրողի և իրավաբանի մասնագիտությունները բացարձակապես հեռու են միմյանցից, բայց իրականում այդպես չէ. լրագրողի մասնագիտությունն օգնում է տիրապետելու հանրային հաղորդակցության հմտություններին, տարբերելու իրականը կեղծ տեղեկատվությունից, մերժելու ապատեղեկատվության տարածումը, հաստատելու մեդիահիգիենա և տեղեկատվական դետոքս: Իսկ իրավաբանի մասնագիտությունը, որն իմ տարերքն է, թեև գործունեության մեծ ընդգրկում ունի, սակայն ես կձևակերպեմ հակիրճ՝ օգնում է հաստատելու օրենքի գերակայություն: Ստացվում է՝ երկուսն էլ պայքարում են մերժելիի, արատավորի, հանցավորի դեմ:

Համալսարանում սովորելու տարիներին ավելի մոտեցա գիտությանը

Իմ համոզմամբ՝ գիտությունը հրապուրիչ է նրանց համար, ովքեր ոչ միայն ունեն հետազոտական ձիրք ու շնորհ, այլև կամք և աշխատասիրություն, նոր խոսք ասելու և այն հանրայնացնելու կարողություն:

Մագիստրոսական ուսումնառության ընթացքում ձեռք բերած նոր գիտելիքները, գիտական-հետազոտական աշխատանքներ կատարելու հմտությունները ինձ ապագայում օգնելու են քայլել ընտրածս դժվար ճանապարհով և մասնագիտական փորձ ու հմտություն ձեռք բերելուց հետո, հուսով եմ, ուղղորդելու են մի օր վերադառնալ սիրելի բուհ՝ դասախոսի կարգավիճակով:

ԵՊՀ-ն առանցքային դեր ունի իմ կյանքում 

Վտահ եմ, որ իմ կատարած ճիշտ ընտրության՝ Երևանի պետական համալսարանում կրթություն ստանալու շնորհիվ ինձ ավելի մեծ հաջողություններ են սպասում, թեև իմ ընտանիքի, բացառիկ ուսուցիչների և դասախոսների շնորհիվ ձեռք բերած գիտելիքներս ինձ հնարավորություն են տվել դեռ ԵՊՀ-ում ուսումնառությունս չավարտած՝ աշխատանքի անցնելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական, իսկ այսօր ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի օգնականն եմ:

Համալսարանական լինելը նոր ուղիներ է ստեղծում 

ԵՊՀ դիմորդներին հաջողություններ եմ մաղթում, դժվարություններից չերկնչելու կամք ու անսահման աշխատասիրություն, որպեսզի իրենք էլ ապրեն համալսարանական լինելու հպարտությունը: