ԳլխավորԼուր

Երկրի բնակչության թիվը պաշտոնապես դառնում է 8 մլրդ

Երկրի բնակչության թիվը նոյեմբերի 15-ին պաշտոնապես դառնում է 8 մլրդ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը նշեց, որ  աշխարհի բնակչության թիվն առաջիկա տասնամյակներում ևս շարունակելու է աճել:

2011 թվականին աշխարհի բնակչությունը կազմում էր 7 մլրդ, ու 11 տարվա ընթացքում այդ ցուցանիշն ավելացել է 1 մլրդ-ով: Սպասվում է, որ 2050 թվականին երկրի բնակչության թիվը կլինի 9.7 մլրդ, 2080 թվականին՝ 10,4 մլրդ մարդ: Ըստ կանխատեսումների՝ այս ցուցանիշը կպահպանվի մինչև 2100 թվականը:

«Բնակչության թվի աճը գլոբալ առումով բերում է մի շարք խնդիրներ՝ առողջապահական, կրթական, կենսաթոշակային, սոցիալ-տնտեսական: Կարող ենք ասել, որ բնակչության թվի աճով պայմանավորված, բոլոր բնագավառների վրա բեռն ավելանում է: Մյուս կողմից էլ երկիր մոլորակի ռեսուրսներն անսպառ չեն»,-ասաց Աննա Հովհաննիսյանը:

Աշխարհում բնակչության թվի ավելացման պատճառները մի քանիսն են՝ ծնելիության աճ, մահացության ցուցանիշի նվազում, կյանքի միջին տևողության ավելացում: Աշխարհում այսօր ծնելիության գործակցի միջին ցուցանիշը 2,5 է: Կան երկրներ, որտեղ նույնիսկ 3-ից բարձր է: Աշխարհի բնակչության թվի ավելացման գործում առավել շատ իրենց ներդրումն ունեն մի շարք երկրներ՝ Կոնգո, Եգիպտոս, Պակիստան, Ֆիլիպիններ, Տանզանիա, Եթովպիա և այլն: Այս երկրներում ծնելիության գործակիցը 2,5-ից բարձր է:

«Աշխարհում ներկայում ամենաշատ բնակչություն ունեցող երկրներն են Չինաստանն ու Հնդկաստան: 2023 թվականին Հնդկաստանի բնակչությունը կգերազանցի Չինաստանի բնակչության թվին: Այնտեղ ծնելիության պարզ վերարտադրողականության ցուցանիշը մի քանի անգամ բարձր է»,-ասաց Աննա Հովհաննիսյանին:

Ինչ վերաբերում է կյանքի միջին տևողության ցուցանիշներին Աննա Հովհաննիսյանը նշեց, որ մոտ 20 տարի առաջ երկիր մոլորակի բնակչության կյանքի միջին տևողությունը եղել է 60-65 տարեկան, 2019 թվականին՝ 72 տարեկան: Սպասվում է, որ 2050 թվականին երկիր մոլորակի բնակչության կյանքի միջին տևողությունը կլինի 77 տարեկան:

«Այս աճի միտումը պահպանվում է մոտ 20 տարի: Ինչպես շատ երկրներում, Հայաստանում ևս կյանքի սպասվող միջին տևողությունը բարձրանում է: Պատճառն այն է, որ առողջապահական ծառայություններն առավել հասանելի են դարձել: Նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված, մարդկանց առողջական խնդիրները շատ ավելի հեշտ են լուծվում»,- ասաց Աննա Հովհաննիսյանը:

Ի տարբերություն աշխարհի միտումներին՝ Հայաստանում ծնելիության ցուցանիշը շարունակում է նվազել: Վերջին տվյալներով այն կազմում է 1,6: Կանխատեսումներն այնպիսին են, որ մինչև 2050 թվականը այդ նվազման միտումը կպահպանվի: Պատճառը սոցիալ-տնտեսական է՝ ցածր աշխատավարձ, բնակարանային պայմանների բարելավման հնարավորությունների սղություն:

Ծնելիության ցուցանիշի, ինչպես նաև արտագաղթի տեմպերի փոփոխությամբ պայմանավորված, ըստ կանխատեսումների մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության թիվը ևս կնվազի:

Ծնելիության պարզ վերարտադրողական ցուցանիշից ցածր տվյալներ գրանցվում են եվրոպական երկրներում: