ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այսօր հյուրընկալել են առաջինկուրսեցիներին, նրանց ներկայացրել են ֆակուլտետի կառուցվածքը, անցած ուղին և պարզաբանել, թե ինչպես է կազմակերպվելու ուսումնական գործընթացն առաջիկայում:
1998 թվականին ստեղծված ֆակուլտետում այժմ գործում է 3 բաժին` Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն և Հանրային կառավարում: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը նշել է, որ բոլոր բաժինների առաջինկուրսեցիներն այս օրերին այցելելու են ֆակուլտետ, որպեսզի առավել մանրամասնորեն և հանգամանորեն ծանոթանան ուսումնական գործընթացի կազմակերպման առաջարկվող հնարավորություններին:
«Երկու շաբաթ առաջինկուրսեցիները կհաճախեն ֆակուլտետ՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները: Նրանք կծանոթանան դասախոսների հետ, կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները և կփորձարկեն հեռավար ուսուցման գործիքակազմը, որից հետո ինչպես իրենց ավագ ընկերները, կանցնեն հեռավար ուսուցման»,- ասել է Գեղամ Պետրոսյանը և նշել, որ ավագ կուրսերի ուսանողների դասերը կմեկնարկեն առցանց:
Ֆակուլտետի դեկանի կարծիքով, իհարկե հեռավար ուսուցումը չի կարող ապահովել ցանկալի որակը, բայց այս պահին այն միակ հնարավորությունն է՝ շարունակելու ուսումնական գործընթացը, և այն պետք է հնարավորինս արդյունավետ կիրառել:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։