ԳլխավորԼուր

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դասեր գրեթե չկան. դեկան

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

Ես չգիտեմ՝ ուսանողները միացել են բողոքի ակցիա անողներին, թե ոչ, բայց այս պահին ֆակուլտետում դասեր գրեթե չկան։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։

Նա նշեց, որ բացառություն են կազմում միայն մագիստրոսական մեկ-երկու ծրագրերի շատ քիչ թվով ուսանողներ։

«Ընդհանուր դասեր չկան։ Ինձ չեն զեկուցել, թե ուր են գնում, որ դասի չեն գալիս։ Երեկ նույնպես մոտավորապես նույն պատկերն է եղել։ Բակալավրիատի մեկ-երկու հոսքում, բայց շատ քիչ թվով ուսանողներով դասեր արվեցին, մոտավորապես ընդհանուր թվի ¼-ն էր ներկա»,- ասաց Ղազինյանը։

Ինչ վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմին, ապա Ղազինյանը նշեց, որ դեռ 90-ականներից ֆակուլտետում մի սկզբունք է գործում։

«Եթե ուսանողը մտնում է ֆակուլտետ, ուրեմն գալիս է կրթություն ստանալու։ Այսինքն՝ դասախոսը միշտ պետք է պատրաստ լինի, որ ուսանողը եթե գա, դասերը պետք է լինեն։ Եթե չի գալիս՝ դասեր չեն լինում»,- ասաց Ղազինյանը։

Նա ասաց, որ դասերին չմասնակցելը հետագայում խնդիրներ չի առաջացնի ուսանողների համար։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելի վաղ ԵՊՀ-ից հայտնել էին, որ համալսարանում դասապրոցեսը շարունակում է ընթանալ բնականոն հունով։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ մայիսի 2-ի ժ. 8.30-ից սկսելու են փողոցներ փակել։ Կոչ հնչեց դասադուլ ու գործադուլ անել։ Իսկ մինչ այդ աղբամաններով ու նստարաններով փակվեց հրապարակը, վրաններ տեղադրվեցին, որտեղ ցուցարարներ են գիշերել։

Ընդդիմության հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է «հանուն Հայաստանի ու Արցախի ապագայի»։

Մայիսի 2-ին մայրաքաղաքի մի շարք հատվածներ փակվել են ցուցարարների կողմից, ավելի ուշ փողոցները բացվել են, 200-ից ավելի մարդ բերման է ենթարկվել ոստիկանություն։

Մայիսի 3-ի առավոտյան ընդդիմադիրները վերսկսել էին փողոցներ փակել Երևանում։