ԳլխավորԼուրԿրթություն

Ինչո՞ւ «Ակադեմիական քաղաք»-ը Աշտարակից հասավ 17-րդ թաղամաս և ո՞ւր մնաց Երևանը բեռնաթափելու նպատակը

Կառավարությունն օրերս հավանության արժանացրեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը, համաձայն որի՝ տեղի է ունեցել տեղադիրքի փոփոխություն․ Աշտարակի փոխարեն ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում է 2 տեղամաս` Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է, և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հա:

Usanogh.am-ը թեմայի շուրջ զրուցել է ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ, որը նաև «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի անդամ է:

— Պարո´ն Հայոցյան, ինչո՞ւ պետությունը հետ կանգնեց «Ակադեմիական քաղաքը» Աշտարակում կառուցելու իր նախնական ծրագրից, ո՞րն էր հիմնական պատճառը:

— Աշտարակ քաղաքում «Ակադեմիական քաղաք» կառուցելու համար նախատեսված տարածքը փոքր էր, առաջացան իրավական մի շարք խնդիրներ, այդ է պատճառը, որ ընտրվել է Երեւան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը: Աշտարակում տեղը փոքր էր, հողը մանր-մանր մասնատված էր, և այդ կտորները տարբեր սուբյեկտների էին պատկանում: Իսկ 17-րդ թաղամասի պարագայում ավելի մեծ կտորներով է հողը, և ավելի քիչ են իրավական խնդիրները:

-Իսկ ավելի վաղ հնարավոր չէ՞ր կանխատեսել, որ նման խնդիրներ կարող են ծագել:

— Այդ ամենը պարզ դարձավ որոշակի ուսումնասիրությունների արդյունքում: Աշխատանք է տարվել, օրինակ, Կադաստրի կոմիտեի հետ, այդ հարցը նորից քննարկման է դրվել ՀՀ վարչապետի մոտ, ներկայացվել են խնդիրները, և նպատակահարմար է գտնվել ամեն ինչ կառուցել մի տեղում. դա ավելի ուժեղ սիներգիկ էֆեկտ կստեղծի, քան եթե «Ակադեմիական քաղաքը» կառուցվի 3 ֆիզիկապես իրարից հեռու տարածքների վրա:

-«Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը ինչպե՞ս եք պատրաստվում տնօրինել:

— Ամեն դեպքում, հիմնական տեղամասը լինելու է 17-րդ թաղամասին հարող տարածքը, իսկ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը կօգտագործվի այն դեպքում, երբ գլխավոր հատակագծով դրա կարիքը լինի:

— Իսկ բովանդակային մասով որևէ բան փոխվելո՞ւ է, օրինակ` կլաստերների մասով ծրագրերը կմնան նու՞յնը, թե՞, այնուամենայնիվ, որոշակի վերանայումներ կլինեն:

— Կլաստերները մնալու են նույնը, ավելին` դրանց միջև փոխկապակցվածությունն ավելի է մեծանալու: Ի դեպ, դրսից` հեղինակավոր ուժեղ բուհերից գործընկերներ ենք փնտրում, օրինակ`աշխատակազմի հետ վերապատրաստումներ իրականացնելու համար: Առհասարակ, բովանդակային հարցերի համար երկար ժամանակ ունենք` մինչև շինարարական գործընթացի ավարտը:

— Նախկինում բուհերը Աշտարակ տեղափոխելու կոնտեքստում նախաձեռնողները շեշտում էին մայրաքաղաքը բեռնաթափելու հարցը, իսկ հիմա դրանք կրկին տեղակայում են քաղաքում, ինչպե՞ս սա հասկանանք:

— Քաղաքի բեռնաթափումը հարցի դրական, բայց ամենաքիչ նշանակություն ունեցող կողմերից էր, մենք քաղաքաշինական պլանավորման խնդիր չենք լուծում, մերը կրթության բաղադրիչն է: Բայց այս պարագայում էլ քաղաքը կբեռնաթափվի:

— «Ակադեմիական քաղաք» կառուցելու ժամանակացույցը կազմված կլինի 3 հիմնական փուլից՝ նախագծման, կառուցման և սպասարկման։ Նախագծման փուլը նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի հոկտեմբերից եւ ավարտին հասցնել 2025 թվականի սեպտեմբերին, կառուցման փուլը՝ մեկնարկել 2025 թ․ հոկտեմբերից. նախնական գնահատմամբ՝ այն կավարտվի 2029 թվականի դեկտեմբերին: Հիմա նախնական փուլո՞ւմ ենք:

— Հիմա մեկ անձից գնման գործընթաց է տեղի ունենում, ճարտարապետները գլխավոր հատակագիծը կգծեն, և դրանից հետո կկազմվի շինարարության ժամանակացույցը: Դա մեծ, բարդ պրոցես է:

«Ակադեմիական քաղաքը» բաղկացած է լինելու 4 կլաստերներից, որոնք կազմավորվելու են համապատասխան չորս խոշորացված համալսարանների և դրանց միավորված գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների հենքի վրա՝ Տեխնոլոգիական կլաստեր, Արվեստների կլաստեր, Կրթական կլաստեր, Սպայական կլաստեր: Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այնպես, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայել մինչեւ 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչև 8 պետական խոշորացված և մինչեւ 8 մասնավոր կամ միջազգային բուհ։

Նիկոլ Փաշինյանն այս գաղափարն առաջին անգամ շրջանառեց 2021-ի մարտի 28-ին։ «Կա գաղափար Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք»,- հայտարարել էր Փաշինյանը Արմավիրի մարզի Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ մանրամասնելով, որ Հայաստանի բուհերի շենքային պայմնանները չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին։

«Մայրաքաղաքի բեռնաթափումը նույնպես կարևոր վերջնարդյունք է, ինչը հնարավորություն կտա խուսափել ժամանակի ընթացքում էլ ավելի ահագնացող խցանումներից, էականորեն կլուծվի ավտոմեքենաների կայանման խնդիրը».- իր ֆեյսբուքյան էջում գրել էր ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով ակադեմիական քաղաքի գաղափարին։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ