ԳլխավորԼուր

Վատ օրը լավ երգի ստեղծման պատճառ դարձավ. Ռոզա Լինը՝ ԵՊՀ-ում

Ապրիլի 21-ին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանը «Եվրատեսիլ — 2022» երգի մրցույթում ներկայացնող Ռոզա Լինի հետ, տեղեկացնում են ԵՊՀ-ից ու Առաջին ալիքից։

Հանդիպմանը ներկա էին ուսանողներ, դասախոսներ, Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանը, արվեստասեր այլ անձինք:

Հանդիպման ընթացքում Ռոզան պատասխանեց ուսանողների հարցերին: Նա իր խոսքում նշեց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանը միջազգային հանրությանը ներկայացնելը և ընդգծեց, որ եվրատեսիլյան երգերը այս տարի էլ մրցունակ են, ուստի անհրաժեշտ է մրցույթին ներկայանալ չափազանց պատրաստված. «Պարտավորեցնող է այն, որ մեր երկիրը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու եմ ես, և ոչ թե ինչ-որ հանրահայտ երգիչ: Ամենայն պատասխանատվությամբ եմ վերաբերվում հատկապես այն փաստին, որ ես հենց Հայաստանն եմ ներկայացնելու»:

Աննա Օհանյանն էլ խոսեց նախընտրական փուլի, մասնակցի ընտրության և ներկայումս տարվող աշխատանքների մասին:

Ռոզա Լինը Մայր բուհի ուսանողներին խորհուրդ տվեց հավատալ երազանքներին, չընկճվել դժվարություններից ու գնալ առաջ։ Երգի մասին ասում է՝ վատ օրը լավ երգի ստեղծման պատճառ դարձավ:

Երգչուհին չասաց` ինչպես է ներկայանալու «Եվրատեսիլ»-ին, միայն նշեց, որ բեմում սպիտակ գույնը գերակշռելու է։ Մրցույթն անցկացվելու է Թուրինում։ Մեր պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին, վերջինը: Իր խոսքով՝ «Եվրատեսիլը» արտիստի համար վերջը չէ, իր համար միայն սկիզբն է: Գտնելու է իր երաժշտությունը սիրողներին ու ստեղծագործի հենց նրանց համար:

Հանդիպման վերջում Ռոզան և հանդիսատեսը միասին կատարեցին սիրված «Snap» երգը: