ԳլխավորԼուր

Արսեն Հարությունյանը ստացել է գրեթե 15 մլն դրամ. ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է

Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյան

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները վերջին շրջանում բարձրաձայնում են մարզաձևում առկա մի շարք և մասնավորապես ֆինանսական խնդիրների մասին:

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է պաշտոնական որոշ տվյալներ՝ 2021 և 2022 թվականներին ըմբիշներին տրամադրված ֆինանսական հատկացումների վերաբերյալ:

• 2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացված տարբեր ծրագրերի արդյունքում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր և Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Արսեն Հարությունյանը ստացել է 14 մլն 851 հազար դրամ:

• Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի պարագայում այդ գումարը 2021 թվականի կտրվածքով կազմել է 14 մլն 475 հազար դրամ:

• Ըմբիշ Գևորգ Ղարիբյանը ստացել է 8 մլն 214 հազար դրամ:

Վազգեն Թևանյանը ստացել է 5 մլն 558 հազար դրամ:

Սլավիկ Գալստյանը ստացել է ավելի քան 5 մլն դրամ:

2022 թվականի առաջին եռամսյակում Արսեն Հարությունյանն արդեն իսկ ստացել է ավելի քան 1 մլն դրամ, Սլավիկ Գալստյանը՝ 720 հազար, իսկ Վազգեն Թևանյանը՝ 540 հազար դրամ:

Ինչ վերաբերում է ըմբիշների բարձրաձայնած մյուս՝ վնասվածքների բուժման խնդրին, ապա նշենք, որ մարզիկների բուժզննման և վնասվածքների բուժման ապահովմամբ զբաղվում է «Սպորտային բժշկության կենտրոնը», որը 2021 թվականից գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային 12 մլն դրամ է հատկացվել՝ դեղորայքի, հավելումների և վիտամինների ձեռքբերման համար:

Հավելենք, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի՝ 2022 թվականի ֆինանսավորումը 338 մլն 320 հազար դրամ է կազմում: ԿԳՄՍ նախարարությունն այս գումարը հատկացնում է տարվա ընթացքում ներքին մրցումների կազմակերպման, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններին պատշաճ նախապատրաստության և մասնակցության համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում դժգոհություն էր հայտնել պատկան մարմիններից։

«Հասել է այն պահը, որ այլևս չեմ կարող լռել։ Որքա՞ն պետք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստվենք մրցաշարերին։ Ո՞ւր են ֆեդերացիան, նախարարությունը, օլիմպիական կոմիտեն։ Աշխատավարձ նույնպես չենք ստանում։ Այս պահին ունեմ վնասվածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում, բայց ես իմ հաղթանակների համար այդքան չեմ վարձատրվում»,-մասնավորապես գրել էր նա։