ԳլխավորԼուրԽճանկար

Ամառային արևադարձի օրն է ու ամենաերկար ցերեկը

Հունիսի 21-ը ամառային արևադարձի օրն է, որն այս տարի եղել է Երևանի ժամանակով ժամը 07:32-ին, տեղեկանում ենք Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից։

Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցել է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում Հյուսիսային կիսագնդում: Այդ օրը կոչվում է ամառային արևադարձի օր, և դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը: Երկրի պտտման առանցքը թեքված է Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23°26′), ինչն էլ պայմանավորում է տարվա եղանակների փոփոխությունը:

Տարբերվում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Երկրի Հյուսիսային կիսագնդում ամառային արևադարձը տեղի է ունենում հունիսի 21-ին, իսկ ձմեռային արևադարձը՝ դեկտեմբերի 21-ին:

Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է Հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ Հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին:

Comment here