ԳլխավորԼուր

Ներկայացվել է կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացվել են «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հիմնական առաջնահերթությունները և ռազմավարական ուղղությունները:

Համատեղ ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը:

Վահրամ Դումանյանը նշել է, որ 2015 թվականից ի վեր բացակայել է կրթության զարգացման ռազմավարությունը, և ներկայացվող նախագիծը սահմանում է մինչև 2030 թվականը ոլորտի հիմնական առաջնահերթությունները: Նա նշել է, որ փաստաթուղթը համահունչ է ՀՀ կառավարության ծրագրին և Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությանը:

«Ռազմավարության հիմքում դրված է երկու կարևոր նպատակ. առաջին՝ յուրաքանչյուր ոք ունի որոշակի տաղանդ, որը պետք է բացահայտել և անձին տալ ինքնադրսևորվելու հնարավորություն: Եվ երկրորդ՝ բոլոր փուլերում կրթությունը պետք է լինի որակյալ և մրցունակ, հիմնված լինի ազգային արժեքների վրա, և այդ ամենը նպաստի մեր երկրի զարգացմանը, հզորացմանը և առաջընթացին»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հանրային քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ հնչած բոլոր արժեքավոր առաջարկները, ըստ անհրաժեշտության, կընդունվեն:

Ծրագրի իրականացումը հանրակրթության ոլորտում մինչև 2030 թվականը կապահովի հետևյալ արդյունքային շրջանակը

Հանրակրթության ոլորտում ծրագրի հիմնական ռազմավարական ուղղությունները և թիրախները ներկայացրել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ բոլոր կրթական մակարդակների համար որդեգրվել է մեկ միասնական կառուցվածք, և ըստ այդմ՝ ծրագրում անդրադարձ կա թե՛ ենթակառուցվածքների, թե՛ կրթության բովանդակության, թե՛ մարդկային ռեսուրսի և թե՛ կառավարման ու ֆինանսավորման ձևերին: Նախադպրոցական կրթության ոլորտում, ըստ փոխնախարարի, նախատեսվում է, որ մինչև 2030 թվականը բոլոր բնակավայրերում հասանելի կլինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ, և յուրաքանչյուր ընտանիք ի վիճակի կլինի՝ օգտվելու այդ ծառայություններից: Որպես հաջորդ թիրախներ՝ ամրագրվել են, որ դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված լինեն նախադպրոցական ծրագրերում, 3-5 տարեկանների առնվազն 95 տոկոսը ներառված լինի նախադպրոցական ծառայություններում, ինչպես նաև բոլոր խոշորացված համայնքներում գործեն մսուրի ծառայություններ:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հանրակրթության ոլորտում հստակ սահմանվել է, որ ոչ մի երեխա դուրս չմնա պարտադիր կրթության համակարգից: Նա կարևորել է պարտադիր կրթության համակարգից դուրս մնացած երեխաների հայտնաբերումը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն ֆորմալ, այլև արդյունավետ ընդգրկվածության մասին է։

«Մենք սահմանել ենք, որ ուսումնառության արդյունքներ-ուսումնառության տևողություն հարաբերակցությունը այս պահին 8,3 տարի է՝ ըստ Համաշխարհային բանկի չափումների։ Սա նշանակում է, որ մեր երեխաները սովորում են 12 տարի, բայց կրթական արդյունքը, որն ունեն, հավասար է 8,3 տարվա։ Մեր հիմնական որակական ցուցանիշն է, որ այս հարաբերակցությունը հասցնենք 11,5 տարվա, այսինքն՝ 12 տարի սովորելու տևողությունը համարժեք լինի 11,5 տարվա»,- նշել է փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ բոլոր դպրոցները համալրված լինեն որակավորված, ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն։

«Օրենքի փոփոխությունից հետո նախատեսվում են ատեստավորման, տարակարգերի շնորհման մեխանիզմների ամբողջական վերանայում, ինչպես նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն։ Հաջորդ տարվա բյուջետային հայտում կներկայացնենք ուսուցիչների դրույքաչափի փոփոխության և հավելավճարի սահմանման նոր մոտեցումները, որոնք պետք է թույլ տան գնալ առավելագույնը մինչև 400 հազար աշխատավարձ-հավելավճար վարձատրության մեխանիզմին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նա ընդգծել է, որ Կառավարության ծրագրով 2026 թվականի ավարտին նախատեսվում է ունենալ հիմնանորոգված, վերակառուցված և վերանորոգված առնվազն 300 դպրոց, որոնք կունենան արդիական ենթակառուցվածքներ և պայմաններ։ Նախատեսված է նաև, որ հանրապետության բոլոր դպրոցները կունենան անհրաժեշտ բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ։

Որպես որակական ցուցանիշ՝ սահմանվել է, որ բնագիտության և մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները կցուցաբերեն շարունակական աճ՝ գրանցելով միջինից բարձր բավականին հավակնոտ ցուցանիշներ: Փոխնախարարը կարևորել է նաև արտադպրոցական գործունեությունը՝ նշելով, որ առանձին որակական ցուցանիշներ են սահմանվել երեխաների ստեղծագործական և ֆիզիկական ակտիվություն ենթադրող աշխատանքը և հանրային նշանակություն ունեցող նախագծերի իրականացումը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ կոնկրետ որակական ցուցանիշներ են սահմանվել նաև հայոց լեզվի և պատմության, հայ և համաշխարհային գրականության, հոգևոր արժեքների, առողջ ապրելակերպի, առնվազն երկու օտար լեզուների գծով բավարար գիտելիքներ ունենալու մասով:

Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը մինչև 2030 թվականը կապահովի հետևյալ արդյունքային շրջանակը

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ որպես հիմնական թիրախ՝ սահմանվել է, որ ուսումնարանն ու քոլեջն ավարտելուց հետո, ըստ մասնագիտության, աշխատանքի կանցնի շրջանավարտների առնվազն 90%-ը: Այս ցուցանիշին հասնելու համար, ըստ փոխնախարարի, պետք է շարունակաբար վերանայվեն չափորոշիչները, դասավանդողների նկատմամբ սահմանվի նոր քաղաքականություն, բարելավվեն ենթակառուցվածքները, և ներդրվեն ֆինանսավորման նոր մոդելներ: Այս հարցում նախարարի տեղակալը կարևորել է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը. առաջիկայում նախատեսվում է էապես խթանել մասնավոր ոլորտի հետ համատեղ ՄԿՈՒ հաստատությունների կառավարման ձևաչափերը:

Նա կարևորել է նաև ՄԿՈՒ հաստատությունների դասակարգումը՝ ըստ իրենց նշանակության, ինչպես նաև դասավանդողների ատեստավորման և տարակարգերի մեխանիզմների ներդրումը, որը կհանգեցնի վերջիններիս վարձատրության վերանայման: Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ նախատեսվում է ՄԿՈՒ հաստատությունների ենթակառուցվածքների շարունակական բարելավում:

Բարձրագույն կրթության ոլորտը մինչև 2030 թվականը կապահովի հետևյալ արդյունքային շրջանակը

Բարձրագույն կրթության ոլորտի արդյունքային ցուցանիշները ներկայացրել է նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Նա նշել է, որ ինչպես ՄԿՈՒ, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտում մինչև 2030 թվականը, ըստ մասնագիտության, պետք է աշխատանքի անցնի շրջանավարտների առնվազն 90%-ը: Դրան հասնելու համար, ըստ փոխնախարարի, պետք է բարձրագույն կրթության ոլորտում մշակել ստանդարտներ՝ լիցենզավորման և հավատարմագրման գործիքների միջոցով: Կարեն Թռչունյանի խոսքով՝ ծրագրում ամրագրվել է նաև, որ պետական և ոչ պետական բուհերը պետք է գործեն մրցակցային նույն դաշտում:

Նա փաստել է, որ այդ գործընթացների իրականացման համար նախատեսվում է չափորոշիչների բարելավում կամ նոր չափորոշիչների ստեղծում, մասնավորապես՝ բոլոր կրթական ծրագրերը պետք է համապատասխանեցվեն որակավորումների ոլորտային շրջանակներին. նախատեսվում է ունենալ մինչև 40 այդպիսի շրջանակ: Դրանցից, ըստ փոխնախարարի, կբխեն լիցենզավորման պայմանների և պահանջների ստանդարտների մշակումը և ներդրումը, որից հետո՝ նաև հավատարմագրման գործընթացը՝ ինստիտուցիոնալ և ծրագրային: Նա նաև շեշտել է, որ բուհերի տարբեր մասնագիտությունների համար կմշակվի ֆինանսավորման նոր համակարգ։

«Ունենք հավակնոտ թիրախ` լավագույն 500 բուհերի ցանկում ունենալ առնվազն 4 բուհ։ Կարծում ենք, որ կարող ենք հասնել դրան, եթե ապահովենք որակյալ կրթության բոլոր պայմանները»,- նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ մեկ այլ թիրախ էլ սահմանվել է, որ բուհական համակարգում բոլոր մասնագիտություններով կրկնապատկվի օտարերկրյա ուսանողների քանակը։

Նախագծով սահմանվել են հստակ չափելի արդյունքներ

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը: Նա նշել է, որ նախատեսվում է ընդլայնել հայագիտական կենտրոնները և որակական նոր հարթություն տեղափոխել, ինչպես նաև զարգացնել սփյուռքի գաղթօջախներում կրթության կազմակերպումը: Նշվել է նաև, որ այս և բոլոր մնացյալ ռազմավարական ուղղություններով նախատեսվող քայլերը տեղ են գտնելու գործողությունների ծրագրում:

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը մշակելիս քննական վերլուծության է ենթարկվել առկա իրավիճակը՝ կրթության հասանելիության, որակի և արդյունավետության բարձրացման տեսանկյուններից: Նա վստահեցրել է՝ խնդիրները ճիշտ ախտորոշելուց է կախված քայլերի արդյունավետությունը: «Սահմանել ենք ռազմավարական 3 ուղղություն` ներառական, սովորողակենտրոն կրթության միջավայրի ստեղծում, կրթության կառավարման արդյունավետության բարձրացում, ինչպես նաև հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում և արտահանում։ Այս վերջին ուղղության շրջանակում նա կարևորել է ինչպես Հայաստանի կրթական համակարգում օտարերկյա սովորողների թվի ավելացումը, այնպես էլ հայկական կրթական արտադրանքի արտահանումը՝ որպես օրինակ մատնանշելով ԹՈՒՄՈ–ն:

«Մեր խնդիրն է կարողանալ աշխարհի հետ համահունչ զարգանալ»,- ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ նախագծով սահմանվել են հստակ չափելի արդյունքներ ինչպես 2030 թվականի, այնպես էլ միջանկյալ՝ 2026 թվականի համար: Նա հիշեցրել է, որ նախագիծը ներկայացված է հանրային քննարկման, և ակնկալվում է քաղաքացիների և շահառու խմբերի ակտիվ մասնակցությունը նախագծի քննարկման գործընթացում:

Բանախոսների կողմից նախագծի ներկայացումից հետո լրագրողները մի շարք հարցեր են ուղղել նրանց; Դրանք վերաբերել են բնագիտական առարկաների գծով ուսուցիչների պակասի, ընդունելության քննությունների, տարածաշրջանային լեզուների ուսուցման, բուհերի հնարավոր օպտիմալացման և այլ խնդիրների: