ԳլխավորԼուր

Շրջանավարտների հրաժեշտի հանդիսավոր արարողություն ԱրՊՀ-ում

2021-2022 ուստարում Արցախի պետական համալսարանը թողարկեց առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի 356 և մագիստրատուրայի 145 շրջանավարտ։ Շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունները, ըստ ֆակուլտետների, տեղի ունեցան ԱրՊՀ պուրակում՝ զոհված ուսանող-ազատամարտիկների հուշակոթողի մոտ։

Շրջանավարատների հրաժեշտի եզրափակիչ արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 17-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության դահլիճում, որին ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը։

Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի պաշտպանության պատերազմներում անմահացած քաջորդիների։

ԱրՊՀ շրջանավարտներին բուհն ավարտելու առթիվ շնորհավորել և իր բարեմաղթանքն է հղել ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, խոսել է համալսարանի այս ուստարվա շրջանավարտների բուհական կրթության ժամանակաշրջանում համալսարանի դժվարությունների մասին՝ պայմանավորված համավարակով, գլխավոր մասնաշենքի վերանորոգման աշխատանքների հետ կապված շենքային սուղ պայմաններով, պատերազմով, ընդգծել բուհի արձանագրած հաջողությունները5

«Արցախի մայր բուհը 53 տարվա պատմություն ունի, որի ընթացքում բուհը թողարկել է շուրջ 25 000 շրջանավարտ։ Այսօր նրանց շարքը լրացվում է ևս 500-ով։ Որտեղ էլ լինեք, երբեք չմոռանաք Արցախը, ԱրՊՀ-ն։ Ինչ պաշտոններ էլ զբաղեցնեք, երբեք չթերագնահատեք Ձեր նախորդների կատարածը։ Երբ ինձ հարցնում են, թե որն է մեր հաջողության գրավականը, ես միշտ պատասխանում եմ, որ ԱրՊՀ ռեկտորատը իր որոշումները միշտ կայացնում է՝ հենվելով նախորդ ռեկտորների կատարած աշխատանքի վրա»,-նշել է ռեկտորը։

Ելույթներ են ունեցել նաև շրջանավարտներ Պարույր Մարտիրոսյանն ու Արմինե Պետրոսյանը։

Միջոցառման ընթացքում հնչել են ասմունք, երաժշտական կատարումներ, պարային համարներ, որոնք կազմակերպվել են ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժնի, ուսանողության ուժերով՝ ընդգրկելով նաև հանրապետության մշակութային համույթներին։