«Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տարածքում Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ հունիսի 21-ին` ժամը 19:00-ին, կնշվի Յոգայի 8-րդ միջազգային օրը:
Յոգայի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 19-ին` ժամը 18:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի կունենա յոգայի ֆլեշմոբ, որի ընթացքում յոգայի 12 ուսուցիչներ կներկայացնեն վարժություններ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր: Հայաստանն այն 179 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմանը:
2015 թվականից սկսած ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը և կազմակերպվում են դրան նվիրված տարբեր միջոցառումներ: Հայաստանում միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ՝ կարևորելով Հայաստան-Հնդկաստան միջմշակութային համագործակցությունը և դրա շարունակական ընթացքը:
Նշենք նաև, որ 2016 թ. Հնդկաստանի «Յոգա» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես հնդիկ ժողովրդի հնագույն փիլիսոփայության և հասարակության առողջ ապրելակերպի դրսևորում: