ԳլխավորԼուր

Շախմատի օլիմպիադա. Հայաստանի արդյունքները 3-րդ տուրից հետո

Հնդկաստանի Չեննայ քաղաքում շարունակվում է շախմատի 44-րդ օլիմպիադան, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Տղամարդկանց հավաքականը մեկնարկային տուրում 4:0 հաշվով հաղթանակ է տարել Մադագասկարի թիմի նկատմամբ, իսկ կանանց հավաքականն առավելության է հասել Բոստվանայի թիմի նկատմամբ:

Երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները ևս հաղթանակներ են տարել:

Տղամարդկանց թիմը 3:1 հաշվով հաղթել է Անդորրայի ընտրանուն, իսկ կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Նորվեգիայի նկատմամբ:

Երրորդ տուրում տղամարդիկ մրցել են Եգիպտոսի հավաքականի հետ և հաղթել 2,5:1,5 հաշվով։ Հայաստանի հավաքականի կազմում հաղթանակ է տարել Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն ու Մանուել Պետրոսյանը պարտիաները ոչ-ոքի են ավարտել։

Երրորդ տուրում կանանց հավաքականն առաջին պարտությունն է կրել՝ 1,5:2,5 հաշվով զիջելով Էստոնիայի թիմին:

Չեննայում ընթացող շախմատի hամաշխարհային օլիմպիադայի չորրորդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը կմրցի ավստրիացիների հետ: Հայ շախմատիստներն այս պահին 9,5 միավորով կիսում են 14-19-րդ տեղերը:

Կանանց Հայաստանի հավաքականն էլ 4 միավորով նահանջել է 22-րդ հորիզոնական: 4-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն Իռլանդիայի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ օլիմպիադայում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, կանանց միջազգային վարպետներ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը։